‘Արոտավայրերի անապատացման դեմ պայքարի համար հատկացված միջոցները փոշիացվում են’

776

Համաշխարհային  բանկի և կառավարության կողմից արոտավայրերի անապատացման դեմ պայքարի համար հատկացված 20 մլն դոլարը նպատակին չի ծառայում, հայտարարել է Հանրային խորհրդի գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամ Ստեփան Խոյեցյանը: Նա նշել է, որ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանում արոտավայրերը կազմում են 1 մլն հա, իսկ խոտհարքները` 130 հազար հա: Միևնույն ժամանակ, փորձագետի կարծիքով, շուրջ 600 հազար հա արոտավայրեր իրականում պիտանի չեն անասունների արածեցման համար: Այդպիսով, հասունանում է մնացած 400 հազար հա արոտավայրերի վերաօգտագործման խնդիրը, ինչը հղի է անապատացման գործընթացների զարգացման վտանգով:

Խոյեցյանի կարծիքով՝ այդ վտանգն առավել ևս ակնհայտ է այն ֆոնին, որ արոտավայրերի բերքատվությունը նորմայից 3-4 անգամ ցածր է: Փորձագետը տեղեկացրել է, որ վերջին երկու տարում, ԱՊՀ երկրների միջին ցուցանիշների համեմատ, Հայաստանում արտադրվել է երկու անգամ պակաս միս և 1.4 անգամ պակաս կաթ` բնակչության մեկ շնչի հաշվով: Այդ ցուցանիշների գծով, ինչպես նշվել է, հանրապետությունը 10-րդ և 8-րդ տեղն է զբաղեցնում ԱՊՀ 11 երկրների շրջանում:

Ինչպես  ավելի վաղ հաղորդել էր «ԷկոԼուր»  ՀԿ ղեկավար Ինգա Զարաֆյանը, Հայաստանի տարածքի 81 տոկոսը ենթակա է անապատացման: Նա նաև ուշադրություն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2008-2011 թթ. հանրապետության գյուղատնտեսական հողերը կրճատվել են 2121,2 հազար հա-ից մինչև 2076,9 հազար հա: Փորձագետների շրջանում պակաս մտահոգություն չի հարուցում այն հանգամանքը, որ Արարատյան հարթավայրը կորցրել է 30 հազար հա վարելահող: Զարաֆյանի կարծիքով, կուտակված խնդիրները լուծելու համար պետությանն անհրաժեշտ է փոխել սպառողական քաղաքականությունը` ջանքերն ուղղելով ջրային և հողային ռեսուրսների պաշտպանությանն ու պահպանությանը:

 

Նախորդ հոդվածը‘Կիևի և Բրյուսելի միջև «Տիմոշենկոյի հարցով» սակարկություններ էին ընթանո՞ւմ՝ 2015-ի ընտրություններում նրա առաջադրումը թույլ չտալու առնչությամբ ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’