‘Արսեն Բեգլարյան. Հոգու խորքում հույս ունեի’

919

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պետք է նախապատրաստվեն փետրվարի 5-ին Ֆրանսիայի Վալանս քաղաքում կայանալիք Հայաստան-Լյուքսեմբուրգ ընկերական հանդիպմանը: Հրավիրվածների թվում է նաև Կապանի «Գանձասարի» դարպասապահ Արսեն Բեգլարյանը, ով առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Արսեն Բեգլարյանը խոսել է ազգային հավաքական հրավիրվելու հետ կապված իր զգացողությունների և առաջիկա խաղից սպասելիքների մասին.

— Հավաքական հրավիրվելու մասին լուրն իմացել եմ Թուրքիայում՝ հավաքի ընթացքում: Բնականաբար շատ եմ ուրախացել հրավերի կապակցությամբ:

 Երբ նոր էիր տեղափոխվում Հայաստան, սպասո՞ւմ էիր, որ այսքան կարճ ժամանակում կհրավիրվես ազգային հավաքական:

 Չեմ կարող ասել, որ սպասում էի, բայց հոգու խորքում հույս ունեի: «Գանձասար» տեղափոխվելու նպատակը հենց այն էր, որ անընդհատ լինեմ հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում:

 Ազգային հավաքականի ֆուտբոլիստներից ինչոր մեկի հետ ծանո՞թ ես:

 Ծանոթ եմ նրանց, ում հետ խաղացել եմ երիտասարդական հավաքականում, ինչպես նաև նրանց, ում դեմ խաղում եմ Հայաստանի առաջնության շրջանակներում: Վերջերս ծանոթացել եմ Հրայր Մկոյանի և Արտակ Եդիգարյանի հետ, ճանաչում եմ նաև Արթուր Սարկիսովին:

 Ի՞նչ սպասելիքներ ունես Լյուքսեմբուրգի հավաքականի դեմ խաղից:

 Ես կարծում եմ, որ մեզ այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ Լյուքսեմբուրգը գաճաճ պետությունների շարքում ամենաուժեղ թիմերից մեկն է: Վերջին ժամանակաշրջանում նրանք մեծ աճ են գրանցել և առաջվա նման հաճախ չեն պարտվում խոշոր հաշիվներով: Լրացուցիչ դժվարություններ կարող է առաջացնել այն հանգամանքը, որ հանդիպումն ընկերական է, և Վարդան Մինասյանը հավանաբար փորձարկումներ կկատարի այդ խաղում:

 Ինքդ հույս ունե՞ս մասնակցել առաջիկա հանդիպմանը:

 Ցանկացած ֆուտբոլիստ, ով հրավիրվում է հավաքական, հույս ունի խաղային ժամանակ ստանալ: Սակայն, եթե նույնիսկ ես չխաղամ, շատ չեմ տխրի, քանի որ, կարծում եմ, դեռ ամեն ինչ առջևում է: Հավաքականի փորձառու դարպասապահների կողքին մարզվելն ինձ համար մեծ փորձ կլինի: Բացի այդ արդեն իսկ ազգային հավաքական հրավիրվելը լուրջ նվաճում է և մեծ պատիվ:

 

Նախորդ հոդվածը‘Բարձրակարգ հյուրանոցներ ու մշակութային կենտրոններ նախկին բանտերում (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի ընտրական շտաբի ահազանգը. հարկային մարմինները տեռոր են սկսել Սարգսյանին աջակցող գործարարների նկատմամբ’