‘Արսեն Գրիգորյան․ Արցախի զոհասեղանը’

8968

Մի՞թե Ռոբերտ Քոչարյանն արժե հայաստանցի-ղարաբաղցի հակամարտությանը։ Ղարաբաղի քաղաքական շրջանակների ինչի՞ն է պետք դա։ Եվ ինչո՞ւ են նրանք փորձում իրենց հասարակությանը սնել հակաՀայաստանով։ Իրենք նախադե՞պ ունեն, որ այդպիսի հակամարտությունից շահած են դուրս եկել։

Հասկացանք, իրենց երբեմնի նախագահը հետապնդվում է մեր երկրի Սահմանադրության եւ օրենքների ոտնահարման պատճառով։ Դա, ի վերջո, նաեւ իրենց ոտնահարումն է, որովհետեւ իրենց էլ են փորձել ներքաշել պետական մասշտաբի հանցագործությունների մեջ։ Հայաստանը հեղափոխություն է արել, եւ այդ հեղափոխության հմայքը նույնքան արցախցունն է։ Հաստատ՝ նա առավել ինքնուրույն է լինելու հաջորդ տարվա նախագահի ընտրություններին քվեարկելու ժամանակ։ Հաստատ՝ նրանց նախագահը առավել է լինելու արցախցու ձայնը աշխարհում, նա, ի վերջո, լինելու է բռնապետական Ադրբեջանի ուղիղ հակապատկերը։

Անզեն աչքով է տեսանելի, որ Ռոբերտ Քոչարյանին հանրային աջակցություն է պետք, եւ այս դեպքում՝ հատկապես այնտեղից, որը հանրային համերաշխության խորհրդանիշն է՝ Արցախից։ Ինչո՞ւ են այնտեղ «կուտը ուտում»։ Իսկ եթե իսկապես անկեղծ են կարծում, որ այդ մարդը հանիրավի է հետապնդվում, ո՞րը պետք է լինի մեր խնդիրը։ Մեր երազանքը չի եղել Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելը, այս իմաստով մենք արցախցի այդ մարդկանց հետ ոչ մի հակասություն չունենք, բայց մենք ոչ մեկին չենք խնդրել մեզ վրա կրակել, ինչ է թե ինչ-որ մեկը չի ուզում իշխանությունը զիջել կամ շատ է ուզում փոխանցել մեկ ուրիշին։

Ոչ մի արցախցի չի համաձայնի, որ Փաշինյանը քիթը խոթի նրանց ընտրական գործընթացների մեջ, եթե Վիտալի Բալասանյանն ու Արայիկ Հարությունյանն ընտրություններից հետո ինչ-որ բան չկիսեն, հաստատ այստեղից զորքը չի վազելու Արցախ՝ ինչ-որ մեկին նախագահ դարձնելու «առաքելությամբ»։ Մենք ուղղակի գերազանց գիտենք, որ սահմանին գրված ցուցանակը՝ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ», պատահական ցուցանակ չէ, այն ամբողջ էությամբ արտահայտում է իրերի կարգը, այսօր՝ ավելի, քան երբեւէ։ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ասե՞լ է մի բան, որից արցախցին պիտի ունենա տագնապի զգացում։ Ոչ, չի ասել։  Եվ հրապարակի բազմամարդությունն էլ չէր ասում, թե արցախցին տագնապի միտող խոսքի է սպասում։ Ի վերջո, Հայաստանում այսօր ո՞վ է զբաղված արցախցու դեմ թույն քարոզելով։ Ոչ մեկը։ Բացառությամբ Քոչարյանի որոշ թիմակիցների, որոնք այդ թույնը կաթեցնում են արցախցու անունից։

Չգիտեմ։ Ըստ իս՝ Ռոբերտ Քոչարյանից սարքել Արցախը կորցնելու վտանգ կամ Արցախի դեմ ուղղված դավադրություն, նշանակում է՝ չհասկանալ, թե ինչ է Արցախը։ Նշանակում է՝ Քոչարյանին ավելի էական համարել, քան Արցախը, նշանակում է՝ Քոչարյանին դարձնել Արցախի զոհասեղան, որի վրա զոհաբերելին հենց Արցախն է։ Սա գոնե պե՞տք է հասկանալ։

Նախորդ հոդվածը‘Վարչապետը հանդիպել է Մարտի 1-ի զոհերի հարազատներին’
Հաջորդ հոդվածը‘ԱԱԾ. Բացահայտվել է ՍԶ զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք’