‘Արսեն Գրիգորյան. Կորած, մոլորված Աբովյանը’

5463

Աբովյանը չդարձավ «գործ տվողների» քաղաք: Սա ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի անհագ ցանկությունն էր: Մարդը աշխատեց եւ քաղաքը չզիջեց ՔՊ-ին: Գողական «պանյատը» հաղթեց: Պատգամավորը ընտրություններում «գող էր կանգնել», որ Աբովյանը շեղում թույլ չտա:

Իսկ ՔՊ-ական մարզպետը դժգոհում է, որ հաղթեց օլիգարխի «գողական պանյատներով» պատգամավորը: Մեկ տարի է՝ անցյալ է պետական մասշտաբի քրեականությունը, իսկ Աբովյանում՝ ինչպես ձուկը ջրում: Մարդը տեսախցիկի առաջ հայտարարում է՝ գործ տվողներն էս քաղաքում անելիք չունեն: Այսինքն, համարյա թե հայտ է ներկայացնում, որ ընտրություն կատարողի ձեռքը կտրելու է: Այսինքն, Աբովյանում հեղափոխության մասին մոռացեք: ՔՊ-ն ֆիքսում է իրականությունը. ՔՊ-ն գիտի, որ էս մի օջախի վրա դեռ իշխանություն չունի: Եվ իրեն պահում է այնպես, ասես իր տեսադաշտին անհասանելի մի կորած, մոլորված տարածք է Աբովյանը:

Եվ ի՞նչ: Զարմանում է, որ հանձնաժողովի անդամի ձեռքին ընտրողների ցուցակ է հայտնաբերում: Ընտրական նախկին բարքերի դրսեւորում՝ մարդիկ ցուցակներում ներկայացված են որպես տվյալ քաղաքական ուժի հավատարիմ ընտրող: ՔՊ-ական մարզպետը զարմանում է, ոստիկանություն է կանչում: Ինչպես անզոր ընդդիմադիր: Կանչում է, որ իշխանության անօրինականության հախից գան: Հասկանու՞մ եք՝ իշխանությունը փաստացի ընդդիմության ապօրինությունն է բռնել: Ցուցակ՝ նշանակում է նախընտրական ամբողջ շրջանում կատարված հետեւողական աշխատանք: Գործող քաղաքապետի կողմնակիցները տուն առ տուն ճշտել են, թե ովքեր են քվեարկելու իրենց թեկնածուի օգտին, ՔՊ-ական պատգամավորը հեռուստախցիկի առջեւ ասում է՝ բացառված չէ, որ մեր կողմնակիցներին էլ են համոզել քվեարկել իրենց օգտին: Իսկ ու՞ր էր իշխանությունն էդ ամբողջ ընթացքում: Թե՞ հեղափոխությունը դեմքով գիտի այն մարդկանց ու տարածքները, որոնց վրա ինքը չի տարածվում:

ՔՊ-ն այսպիսի մի պատմության մեջ ընկել էր նաեւ անցյալ տարի Կապանի ընտրություններում: Մխիթարվում են նրանով, որ համապետական ընտրություններում հեղափոխական ուժը մոտ 70 տոկոս քվե տարավ Կապանում: Բայց խնդիրն ախր դա չէ: Խնդիրն այն է, որ նոր Հայաստանում կա, ասենք, Էդուարդ Բաբայան: Էս մարդը չի էլ գիտակցելու, որ լրիվ այլ Հայաստանում է ապրում: Բայց դա, ախր, պարոն Բաբայանի ողբերգությունն է, ինքը վաղ թե ուշ բախվելու մի իրականության, որտեղ իրեն զգալու է միջավայրից դուրս: Պետք է նրան բոլոր օրինական միջոցներով տեղավորել նոր իրականության մեջ: Իսկ դուք զարմանում եք: Զարմանում եք, որ հանձնաժողովի անդամի ձեռքին ընտրողների ցուցակ կա, որտեղ ինքը «պտիչկա» է դնում եկող-գնացող ընտրողի անվան կողքը: Զարմանալ պետք չէ: Դուք արդեն պիտի կանխած լինեիք դա: Որովհետեւ էդ անպատժելիությունը մի օր գուցե ավելի մեծ ախորժակ դրսեւորի: Հետո զենք ու զրահո՞վ եք փորձելու դեմն առնել: Ինչի՞ է սպասում նոր իշխանությունը: Ոչնչի: Ինքը կարծես հանգստանում է ժողովրդական դափնիների վրա: Ինքը հանգստանում է, իսկ Էդուարդ Բաբայանը՝ քրտնաջան աշխատում: Որպեսզի Աբովյանում պահպանեն այն, ինչ կորցրել են ամբողջ Հայաստանում:

Նախորդ հոդվածը‘Կոշտ վայրէջք Նյու Յորքի երկնաքերի տանիքին’
Հաջորդ հոդվածը‘Ղազախստանում ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 700 մարդու’