‘Արսեն Գրիգորյան. Կրակող տղան, որն ուզում է վերադառնալ քաղաքականություն’

8318

Կարծես թե գլխի եմ ընկնում, թե ինչ տեսակի մարդ է Ռոբերտ Քոչարյանը: Իրականում չափազանց գործնական մարդ է: Նաեւ՝ անհամբեր: Իր ուրույն կարծիքն ունի Հայաստանի ժողովրդի մասին: Կամ որ նույնն է՝ թքած ունի այդ ժողովրդի վրա:

Որովհետեւ միայն թքած ունենալու պարագայում այդքան գործնական եւ անհամբեր ոճով կփորձեր կրկին ներխուժել այս երկրի քաղաքական դաշտ՝ հուսալու լինել ինչ-որ մեկը: Գլխի ընկնելը՝ գլխի ընկա, բայց կա մի ավելի սարսափելի բան, որի մասին չի խոսվում: Ռոբերտ Քոչարյանն ընդունում է, որ մարտի 1-ում կա իշխանության մեղքը: Եվ հայտարարում է, որ ուզում է վերադառնալ քաղաքականություն:

 Հասկացա՞ք:

Համ կրակող տղա է, համ էլ ուզում է վերադառնալ այն ժողովրդի կյանք, որի վրա կրակել է: Ընդ որում հասկացնում է, որ իր կարիքը կա: Դուք միայն պատկերացրեք: Այսինքն, մենք մեր մահն ենք ուզում:

Ինչպես ասում են՝ ես չեմ, դուք եք: Էս ինչու՞ է էս մարդը էսպես մտածում: Կամ որտե՞ղ է էստեղ միտքը, իմաստը: Որ ասես անկեղծ է, անկեղծ չէ, պարզապես չգիտի, որ ինքնամատնիչ է: Մարդը մարտի 1-ի 10 սպանություններում ընդունում է իշխանության մեղքը,-իսկ իշխանությունն ինքն էր,-հետո ասում է, որ վերադառնում է քաղաքականություն: Նույնիսկ չես հասկանում՝ ի՞ր, թե ուրիշի ճանապարհն է ուզում հարթել: Ասենք, մեջտեղ է ընկնում, որպեսզի ուրիշն ավելի հարմարավետ տեղավորվի հակահեղափոխական դաշտում, քանի դեռ բոլորի ատելությունը սեւեռված է իր վրա: Ո՞վ կա: Կարծես թե բոլոր հակահեղափոխականներին դեմքով գիտենք:

Մյուս կողմից այս մարդը առաքելության հայտ ներկայացնողի նման չէ, այլ՝ առաքելություն մատնողի՝ ես եկել եմ, որ լինեմ ձեր բոբոն, ես ձեր հեղափոխության մութ ուժն եմ, որպեսզի չկորցնեք հեղափոխությունը խնամողի բնազդները: Հնչում է: Քանի դեռ հարցազրույցից հարցազրույց չես համոզվում, որ՝ չէ, այ մարդ, էս մարդը դրանից էլ ոչինչ չի հասկանում: Եթե հասկանար, առաջինը հանրապետականներին կլռեցներ ու կասեր՝ մի խառնվեք, իմ գործերն անքննելի են:

Չէ, բայց գլխումս չի տեղավորվում: Էս մարդն իսկապե՞ս չի հասկանում, թե ուր է ընկել: Իսկապե՞ս չի հասկանում, որ ապրիլի 23-ը մերժում էր, ՄԵՐԺՈՒՄ: Էդ նշանակում է, որ այդ օրից ամեն ինչ այլ է: Առայժմ դրանից հետո տեղի չի ունեցել այնպիսի մի բան, որ գաս ու ասես՝ ես էլ ձեզ եմ մերժում: Ուրեմն ի՞նչ է տեղի ունեցել: Եվ ահա թե ինչ: Այդ մարդը որսորդ է, սովոր է, որ ինքն է կրակում ու սպանում զոհին, հետո հեծնում նրա վրա: Հիմա հասկացել է, որ ինքն է որսը: Ուրիշ ոչինչ: Էստեղ պետության մասին խոսք չկա: Ինքնապահպանման բնազդն է խոսում:

Եվ ինչու՞ չի ընդունում, որ մարտի 1-ի սպանությունները հենց իր հրամանով են արվել: Շատ պարզ է: Որսի զգացողությունը նրան խանգարում է հասկանալ, որ արածն սպանություն է: Դժբախտ մարդ է, խոսք չկա: Լրատվամիջոցներով իրեն պատեպատ տալը հենց սեփական կյանքը թիրախից պաշտպանելու ջղաձգում է: Հա, բայց դա՝ հիմա: Ջղաձգումները Սահմանադրությամբ արգելված չեն: Փաստ է, որ տհաճ գործ է ջղաձգվելը: Ուղղակի 10 տարի առաջ իր կողքին պիտի լիներ մեկը, որ ասեր՝ պարոն նախագահ, մի սպանեք մարդկանց, դուք անմահ չեք, ձեր հետեւից էլ են գալու:

Նախորդ հոդվածը‘Գուլիտը քննադատել է Նեյմարին և Մբապեին’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. Վարդան Մինասյանն այլևս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը չէ’