‘Արսեն Գրիգորյան. Հայու գենը’

13573

Սերժ Սարգսյանից լավ ոչ ոք չէր կարող օգնել հասկանալ, թե ի՞նչ կուսակցություն է ՀՀԿ-ն: Երեկվա նրա հարցազրույցից պարզ դարձավ, որ Հանրապետականները միակն են, որ գիտեն, թե ինչպես են աշխատավարձերը բարձրանում առանց աշխատավարձերը բարձրացնելու: Չկա մի ՀՀԿ-ական նաեւ, որ չիմանա, թե ինչպես են էժանացել առաջին անհրաժեշտության այն ապրանքները, որոնք վերջերս միայն թանկացել են:

Հիմա արդեն ես գիտեմ՝ ՀՀԿ-ն կուսակցություն չէ, «հայու գեն» է, որին բնորոշ է այն, ինչը բնորոշ չէ բանական մարդկանցից ոչ մեկին:

Աշխատավարձը, գիտեք, այնպիսի բան է, որ պետական սեկտորում բարձրանում է ըստ բյուջեի, մասնավորում՝ ըստ արտադրողականության: Կամ՝ ըստ շահույթի: Թանկացումները ցույց են տալիս, որ շահույթ կա: Բայց Հայաստանում ո՞վ է ճանաչում մի չարքաշ աշխատողի, որի աշխատավարձը բարձրացել է: Հիմա եթե կարագի գինը բարձրացել է, ենթադրվում է, որ կարագ արտադրողների աշխատավարձը բարձրացել է: Իսկ դուք պատկերացնու՞մ եք, թե ինչ վնասներ կկրի օլիգարխը, եթե աշխատավարձ բարձրացնի: Իսկ ընտրակաշառքի համար բաժանված փողն ինչպե՞ս է հավաքելու: Իսկ առաջին դեմքերին տրվող փողն ինչպե՞ս է հավաքելու: Եթե սա ամբոխային խոսք է, համենայնդեպս տնտեսագիտության տեսանկյունից աշխատավարձի բարձրացումը հեքիաթ է, որովհետեւ «բիզնեսմենն» անձամբ իրեն է ապահովագրում չբարձրացնելով: Էդ նույն կարագը միջազգային շուկայում էժանացավ դեռ սեպտեմբերին: Իսկ մեզ մոտ չէժանացավ: Եթե նա թանկացած կարագի համար աշխատավարձ բարձրացնի, բա իր օգուտը ո՞րն է: Ինքը հո ամերիկացի կամ հարավկորեացի բիզնեսմեն չէ, որի պետությանը որեւէ իշխանավորի ագահություն չի սպառնում: Ինքը հայաստանցի բիզնեսմեն է, նրա բիզնեսն էսօր կա, վաղը չկա: Նայած էդ պահին իշխանությունից ով է թարս քնել:

Եթե նույնիսկ ընդունենք, որ մասնավոր սեկտորում աշխատավարձ է բարձրանում շահույթի եւ արտադրողականության հաշվին, քեզ ինչու՞ պետք է շնորհակալ լինեն: Այն բանի համար, որ չես խոչընդոտե՞լ շահույթին, որ ինչ-որ մեկը փայ չի մտել: Բայց դրա համար պետք է շնորհակալ լինել այն աներեւույթ ռեկետյորին, որ չի չոքել բիզնեսմենի բկին: Գուցե նույնիսկ ոստիկանությանը շնորհակալ լինի, որը ռեկետյորի հետքը մաքրել է իր հիմնարկի մատույցներից: Աշխատավարձը չի կարող բարձրանալ պոետի ոճական «մանիպուլացիաներով», այն բարձրանում է առարկայորեն՝ այն բարձրանում է կամ չի բարձրանում: Աշխատողը տեսնում է այդ բարձրացումը կամ չի տեսնում:

Իսկ ի՞նչ կապ ունի այս ամենի հետ հայու գենը: Որովհետեւ այն իրականության հետ ոչ մի կապ չունի: Որովհետեւ իրականում աշխատավարձերը չեն բարձրացել, պարզապես Ռուսաստանից եկող տրանսֆերտները միշտ գումարվում են չնչին աշխատավարձերին եւ իշխանությունը դա վերագրում է իրեն: Փողն, այո, չի պակասում, կարագն, այո, դեռ հնարավոր է գնել նույնիսկ թանկացած: Բայց պետությունը սրա հետ կապ չունի: Չէր էլ կարող ունենալ: Այլապես ականատեսը չէինք լինի ՀՀԿ-ականների բացահայտ ցինիզմին ԱԺ-ում, եթերում ու գրեթե ամենուրեք: 

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ. Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերություները’
Հաջորդ հոդվածը‘ «Ինտեր» — «Ուդինեզե»՝ 1:3. առաջատարն անակնկալ պարտություն կրեց (տեսանյութ)’