‘Արսեն Գրիգորյան. Մարտի 1-ի երթը բազմամարդ կլինի’

3324

Այնուամենայնիվ, մի բան լավ չեմ հասկանում՝ ի՞նչ վատ բան կա, որ մարզպետներն ուզում են գլխավորել իրենց մարզերից մարտի 1-ի առիթով դեպի Երեւան շարժվող երթը: Ինչու՞ եք այն անպայման ընկալում որպես հրահանգ, որ մարզի բնակիչները պարտավոր են միանալ երթին, «այլապես նրանց համար լավ չի լինի»:

Չեն անցե՞լ էդ ժամանակները, ձեր ժամանակները: Բոլորովին ուրիշ հարց, որ երթը գլխավորելու որոշումը դուք այդպես եք ընկալում, ի վերջո՝ ձեր ձեռագրից էն կողմ ոչինչ չեք տեսնում, բայց չեք մտածում, որ նույնիսկ նախկինների ժամանակ մախաթը պարկում թաքցնել հնարավոր չէր, հիմա դա ուղղակի խաղ ու պար է: Մարդիկ շատ արագ կհայտարարեն էդ մասին, ու էդ մարզպետը կամ նրա ներկայացուցիչը, որը նման հրահանգ կտա, ուղղակի իր տեղում չի մնա:

Ամեն ինչ այնքան պարզ է: Ձեռագիր է փոխվել, եւ այդ ձեռագիրը, նախ եւ առաջ, փոխվել է ընդդեմ բոլոր նրանց, ովքեր նոր կառավարությանը կփորձեն հաճոյանալ նախկին մեթոդներով: Վաղն էլ կգրեք, թե անձնագրեր են հավաքում: Մարզպետերի հայտարարության մեջ սեւով սպիտակի վրա գրված է՝ «ովքեր կցանկանան միանալ երթին»: Նշանակում է, որ չցանկացողները չեն միանա: Թե՞ ուզում եք ասել, որ մարզպետներն իրենք են վախենում իրենց մարզերից դեպի Երեւան շարժվող ավտոշարասյան սակավամարդությունից: Դա իրենց խնդիրը չէ: Ու իրենց համար վատ կլինի, եթե դա համարեն իրենց խնդիրը:

Մարտի 1-ի երթը հեղափոխություն չէ, Մարտի 1-ի հիշատակին ոչինչ չի սպառնում, մարդիկ ժամանակ կգտնեն՝ կմիանան, չեն գտնի՝ դրանից հիշատակը չի տուժի: Ի վերջո, Մարտի 1-ը «գոյամարտի» նման մի բան էր, մարդիկ գիտեն գնահատել գոյամարտերը: Նշանակում է, որ հաստատ երթը բազմամարդ կլինի: Որովհետեւ էդ բազմամարդությունը իրենց ազատության արտահայտությունն է, կգնան, որպեսզի դուք տեսնեք, որ իրենք ազատ են, եւ իրենց անձնագրերն այլեւս հավաքել չի լինի: Ինչու՞ եք երթին «մարդ բերելու» մասին անիմաստ աղմուկ բարձրացնում:

Դուք ուզում եք ասել, որ ժողովուրդն ինքը դեռ սարսափի մե՞ջ է, որ ոչ թե իշխանություն է փոխվել, այլ կուսակցությու՞ն, որ ոչ թե մտածողություն է փոխվել, այլ ստրկատե՞ր: Չէ, մարդիկ, փոխվել է այնպիսի մի բան, որ վերադարձնելու համար նույնիսկ ձեր վերադարձը չի օգնի, արդեն պետք է բռնության դոզան մեծացնել: Մարտի 1-ի երթը բազմամարդ կլինի ոչ միայն այն պատճառով, որ մարդիկ հիշատակ հարգել գիտեն, այլեւ այն պատճառով, որ յուրաքանչյուրը երթի է գնալու ցույց տալու համար, որ քայլն արված չէ այնքան ժամանակ, քանի դեռ այդ քայլը ընտրովի է՝ հեղափոխության համար կարելի է փողոց դուրս գալ, իսկ Մարտի 1-ի համար՝ ոչ:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են տեղումներ’
Հաջորդ հոդվածը‘Տեր Շտեգեն. Մարկո Ռոյսը իդեալական տարբերակ է «Բարսելոնայի» համար’