‘Արսեն Գրիգորյան. Մեր շարքային Ռայընը’

13757

Սթիվեն Սփիլբերգի «Փրկել շարքային Ռայընին» կինոնկարից առաջ մենք նկարեցինք «Հին օրերի երգը»: Նրանց միջեւ ընկած է 16 տարի: Երկուսի հիմքում էլ իրական պատմություն է: Առաջինը պատմում է ֆաշիստների դեմ երկրորդ ճակատ բացած ամերիկյան զորքերում կռվող 5 եղբայրների մասին, որոնցից 4-ը զոհվել են: Բանակի հրամանատար Ջորջ Մարշալը հրահանգում է գտնել 5-րդին՝ Ջեյմս Ֆրենսիս Ռայընին եւ ողջ-առողջ վերադարձնել մորը: Առաքելությունն իրականացվում է հաջողությամբ: Թեպետ Ռայընին փրկողներից ոչ մեկը կենդանի չի մնում:

«Հին օրերի երգը» պատմում է խորհրդային զորքերի կազմում կռվող երեք եղբայրների զոհվելու մասին: Բոլոր իրադարձությունները զարգանում են այս փաստի շուրջը: Երեք եղբայրներից բացի բոլորը ողջ առողջ են, ֆիլմում այլ մահ չկա: Միայն եղբայրների մայրը՝ Հայաստան մայրիկն է մտածում, որ երրորդ որդին ողջ է, քանի որ նրա մահվան սեւ թուղթը փոստատար Նիկոլն ուտում է, այդպես էլ չի տալիս մորը: Ուժ չունի: «Փրկված» երրորդը մահացած չընկալվելու ստատուս քվոն է: Հայաստան մայրիկը նրան սպասելու է մինչեւ կյանքի վերջը: Որդու գոյություն ունենալու հույսը խնամվում է բծախնդրորեն: Մենք դա ֆիլմում չենք տեսնի: Բայց այսպիսի բազմաթիվ պատմություններ գիտենք: Ոչ մեկի մտքով չանցավ փրկել երրորդին: Հայրենական պատերազմներն անողոք են: Եվ Հայրենականն այստեղ կապ չունի: Պատերազմներն այդպիսին են դառնում, որպեսզի մահը պատվաբեր եւ վերամբարձ դարձնեն:

Վերջին երկու օրում՝ Արցախի սահմանին արձանագրվեց 4 զոհ: Նրանցից մեկը տան միակ զավակն էր: 4 հոգի սպանվեց առանց պատերազմի: Բայց եւ՝ առանց խաղաղության: Տան միակ որդին մահանում է, որովհետեւ նա պատերազմի չէ, որ գնացել է: Նա գուցե գիտեր, որ իր ծառայությունը ենթադրում է մահ: Նա գուցե ենթադրում էր, որ մահը չունի «հատկապես ոչ հիմա»-ի փիլիսոփայություն: Եվ հիմա, երբ նա չկա, «խաղի» բոլոր կանոններով նա պատերազմի զոհը չէ: 1000 դրամանոցների մասին օրենքը իշխանությունների «հանճարեղ» մտահղացմամբ կմխիթարի նրա մորը: Բայց «Ռաքելը» մխիթարություն չի գտնելու, զի որդին, որը կար, այլեւս չկա:

Արցախի հարցը պետք է լուծվի հիմա: Այլընտրանքը պատերազմն է: «Ոչ խաղաղություն-ոչ պատերազմ»-ը խաղաղության կամ պատերազմի այլընտրանքը չէ: Խաղաղության զոհերը բոլորովին այլ «կենսագրություն» ունեն: Նրանք մեռնում են մեր փողոցներում, մեր անտարբերությունից, մեր կիսատ-պռատ օրենքներից, մեր ագահությունից, մեր քաղքենիությունից: Խաղաղության մահվան «զինանոցը» մեծ է, բայց մենք ընտրություն ունենք: Մենք գիտակցություն ունենք, որպեսզի որեւէ մեկը չպատուհասվի մահով: Պատերազմի զինանոցը մեծ չէ: Որովհետեւ նրա բոլոր զենքերը ենթադրում են մահվան նույն կերպը՝ կրակեցին կամ ռմբակոծեցին, ու մարդը մահացավ: «Ոչ պատերազմ — ոչ խաղաղություն»-ը զինանոց չունի: Բայց՝ ամենամահաբերն է: Որովհետեւ բովանդակություն չունի: Զոհին չես կարող «ասել», թե ինչու մահացավ: Չմեռնողին չես կարող ասել, թե ինքը ինչու կա: Նույնիսկ թիկունքի ապրողներն այդ գոյություն չունեցող զինանոցի զոհերն են: Որովհետեւ կարծես թե ապրում են, կարծես թե ինչ-որ կերպ դիմակայում են քաղքենուն, անտարբերին, կաշառակերին ու մարդասպանին, բայց չկա երաշխիք, որ կույր ռումբը չի հասնի իրեն:

«Ոչ պատերազմ — ոչ խաղաղություն»-ը զենք չունի, սակայն նրա դեմ զենք կա՝ մեր գիտակցությունն է՝ հայի եւ ադրբեջանցու: Քանի դեռ կան մայրերը, քանի դեռ կան նրանց որդիները, գիտակցությունը, որ նրանք պետք է ապրեն, միակ զենքն է: Այս զենքն ասպարեզից կարող են դուրս մղել միայն նրանք, որոնք այս իրավիճակը ծառայեցնում են իրենց: Այս դեպքում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները: Նրանք որդիներին մայրերով չեն դիտարկում: Նրանք ընդհանրապես որդիներ չէ, որ ուղարկում են ճակատ: Նրանք  «մաթեմատիկոսներ» են, որոնց հաշվարկի ելակետը իշխանության պահպանման մղումն է: Հայաստանին պետք է այնպիսի իշխանություն, որը կունենա շարքային Ռայընին փրկելու տեսլական: Որովհետեւ այդ տեսլականից է բացվում պետությունը, այդ տեսլականն օրորոց է, որը խնամում է բոլորին, որոնք ուղեղ ունեն եւ ունեն վաղվա օր:

Նախորդ հոդվածը‘Առաքել Թավրիզյան. «Միակ հաղթանակի» կուռքը’
Հաջորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Քաղաքական էլիտան վերածվել է իրադարձությունների պատանդի ‘