‘Արսեն Գրիգորյան. Ուշացած Հանրապետականը’

5231

Գրողը տանի, ո՞նց չեն կարողանում թաքցնել էն խուճապը, որ իշխանությունն իրենցը չէ ու էլ չի լինի:

Դիցուք, Վազգեն Մանուկյանը:

Ասում է՝ անցումային արդարադատության անցնելու նախադրյալներ չկան, որովհետեւ հազիվ երկու-երեք հոգու քաղբանտարկյալ լինելու-չլինելու մասին է խոսքը: Հետո մարդը ասում է, որ անցումային արդարադատության կիրառման դեպքում ուշ թե շուտ լինելու է սեփականության վերաբաշխում: Հետո զարմանում է, թե այդ ի՞նչ սահմանադրական կարգ է տապալել Ռոբերտ Քոչարյանը: Եթե տապալել է, նշանակում է դրանից հետո եղած ամեն ինչը հակասահմանադրական է, այդ թվում Սերժ Սարգսյանի նախագահությունն ու Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը: Հետո առաջարկում է մարտի 1-ը բացահայտել վաշտի հրամանատարի մակարդակով մինչեւ կհասնեն վերեւ:

Մարդ չգիտի, թե որ տեսակետը փոշիացնի, որը բաց թողնի: Ես կընտրեի սահմանադրական կարգի տապալման մասին տեսակետը: Տեսեք, իրեն համարում է ընտրակեղծարարության զոհ, բայց չգիտի, որ հակասահմանադրականությունը սկսվում է կեղծիքից: 1996-ին բռնության զոհը իշխանությունն էր, միակ դեպքը Հայաստանի պատմության մեջ: 2003-ից, արդեն ընդդիմությունն էր դառնում բռնության թիրախ: Այո, հակասահմանադրական էր Սերժ Սարգսյանի նախագահությունը, որովհետեւ մարդկանց վրա կրակեցին, որ իշխանությունը չկորցնեն: Դա այնքան պարզ է: Իսկ Նիկոլ Փաշինյանի վարչապետությունը հակասահմանադրական չէ, որովհետեւ հեղափոխության պահին չկա նոր իշխանություն, կա հին իշխանության վերացում: Հեղափոխության պահին չի եղել Նիկոլ Փաշինյանի իշխանություն, հետեւաբար այն չի կարող լինել հակասահմանադրական: Նիկոլ Փաշինյանը արյունն արյունով չի մաքրել: Նա իրացրել է իշխանությունը ժողովրդին վերադարձնելու սահմանադրական նորմը չլինելով իշխանության մեջ: Մնացածն արել են 2018-ի դեկտեմբերի 9-ի ընտրությունները: Վազգեն Մանուկյանը սա չի հասկանու՞մ, թե չի ուզում հասկանալ: Այնքան աչք ծակող է դիտավորյալ հակադրությունը:

Մարդ չգիտի, թե ինչու՞ են այդքան տարված հակադրվելով: Մեծ հաշվով, այս մարդը ողբերգական մարդ է: Նա կորցրել է իրավացի լինելու բոլոր հենակները, նա կորցրել է իր ժամանակը, նա նոր իրավիճակի վրա անցյալի սրեր է ճոճում, որոնք անցյալում ուղղակի պատյանի մեջ էին: Էս մարդն ասում է, որ ինչ՝ ինչ, Քոչարյանը մարտի 1-ի հետ կապ չունի, եւ թող դատարանը դա ապացուցի: Այսինքն, միանգամից քրեական հանցագործ սարքեց բոլորին, որոնք այս կամ այն կերպ ապացույցներ ունեն, որ կապ ունի:

Իսկ ի՞նչ է ուզում պարոն Մանուկյանը: Իշխանության ավելի մեծ պատառ: Ինքը գիտի, որ Նիկոլն ավելին չի տա: Անզեն ականջով էլ լսվում է, որ այս մարդը ուշացած հանրապետական է: Ինչպես Դավիթ Շահնազարյանը: Նա կորցրել է այն իշխանությունը, որի ժամանակ ինքը չէր քննվում: Նոր իշխանության հիմնական վտանգը անցյալի նրանց գործունեության սնանկության բացահայտումն է: Վազգեն Մանուկյանի կռիվը փիլիսոփայական է, մարդու կռիվ է, որի բոլոր փաստարկները պարտության տոպրակից են: Ու սա էլ չգիտի: Ինքը պաշտպանում է այն իշխանությանը (Ռոբերտ Քոչարյանի-Ա. Գ.), որի ժամանակ իրավացի է եղել իր ընդդիմությամբ: Հիմա չի կարող պաշտպանել, որովհետեւ այս իշխանությունը նրանց դեմ է, որոնց օրոք Վազգեն Մանուկյանն իրավացի էր որպես ընդդիմադիր: Իսկ հիմնական պատճառն այն է, որ նախորդ երկու իշխանությունների հետ թաքուն հարազատություն ուներ հանձին առաջին նախագահի հանդեպ նրանց անթաքույց ատելության: Ահա ինչու  է Վազգեն Մանուկյանը ողբերգական մարդ՝ ինքը կորցրել է իր ապրելու զենքերը, ինքը պարզապես ճիշտ չէ:

Նախորդ հոդվածը‘Էրիկ Բազինյանը պաշտպանել է WBO և WBA վարկածով Հյուսիսային Ամերիկայի չեմպիոնական գոտին’
Հաջորդ հոդվածը‘Հավայան կղզիներում տղամարդն ընկել է գործող հրաբխի խառնարանը ու ողջ է մնացել’