‘Արսեն Գրիգորյան. Պետք է պատրաստ լինենք մի Հայաստանի, որի անցյալը ժառանգողը լինելու ենք մենք’

6385

Հայաստանը շուտով կթաթախվի կոռուպցիոն սկանդալների մեջ: Օրինաչափորեն: Որովհետեւ նախորդ իշխանությունը մի մեծ սխալ էր գործել: Ինքն իր վրա անփոխարինելիության ռեժիմ էր միացրել, անմահության հավերժական շարժիչ, որն անխափան է: Բայց դա արել էր, ինչպես Անդերսենի հեքիաթում: Երբ միայն թագավորը չգիտի, որ մերկ է: Ինքն էր իրեն հավերժ ու անխափան կարծում:

Այդ իշխանությունը հասարակական տրամադրությունների վերծանման չափիչ չուներ: Հենց ուզում էր անմահության հերթական չափաբաժնի մասին հայտարարել, ինչ-որ Գելափ էր ծլում եւ ասում էր, որ Սերժ Սարգսյանի վարկանիշը 54 տոկոս է: Ու վերջ: Իշխանությունը մոռացած, որ ոչ մեկին ոչինչ չի համոզել, ձեռնարկում էր եւս մի ապօրինություն, ասենք, հարկային դրույքաչափերի բարձրացման մասով:

Կոռուպցիա կոռուպցիայի հետեւից: Քրեական անպատժելիություն քրեական անպատժելիության հետեւից: Մարդիկ էին անդամագրվում Հանրապետականին: Ուսանողական խորհուրդները, ինչպես պարզվեց, ՀՀԿ-ական բջիջներ էին, որոնք «երիտասարդ միս» էին մատակարարում այդ կուսակցությանը: Բազեներ էին սավառնում խիստ կոնկրետ հանգստավայրերում, որպեսզի ուսանողները հասկանային Կարեն Ավագյանին մոտիկ լինելու հաճույքը: Այդ ամենին վերջ է տրվում: Սակայն այնպես չէ, որ լրատվամիջոցները քնած էին: Օֆշորային սկանդալներ բացահայտվեցին, ապօրինի հարստացման հարյուրավոր դեպքեր արձանագրվեցին: Ոչ մեկին ընթացք չտրվեց, որովհետեւ Անմահության շարժիչն իսկապես անխափան էր թվում:

Շուտով խայտառակ սկանդալների հետ գործ կունենանք: Ու կհասկանանք, թե ինչ գնով էր երկիրը զերծ պահվում քաոսից ու իշխանափոխությունից: Որովհետեւ մի պետության մեջ, որտեղ օֆշորային խոշոր սկանդալը իշխանափոխության պատճառ չի դառնում, ուրեմն էդտեղ «կայունության» մի էնպիսի սխեմա են գծել, որ ոչ մի ցնցում չի տատանի: Մարդիկ քաղաքական առումով մի երկրաշարժազերծ գոտի էին սարքել, որտեղ չափազանց շատերն էին իրենց ձեռքերը տաքացնում «ապահով Հայաստան» կոչվող կրակի վրա: Հենց այդ սկանդալներն են պատմելու, թե ինչ երկիմաստ կարգախոս էր ընտրել երկրի առաջին դեմքը, երբ նախընտրական ամբիոններից բղավում էր՝ սա Հայաստանն է եւ վերջ: Այդ սկանդալները պատմելու են, որ ապահովության երաշխիքներն ինքնին Հայաստանի մեջ չեն, ընդհակառակը, Հայաստանը մեռնող օրգանիզմ էր: Այդ երաշխիքներն ասելու են, որ միակ երկրաշարժազերծ գոտին Մելիք Ադամյան-10-ն էր, որտեղից անվտանգությունն ու ապահովությունը տարածվում են յուրաքանչյուր պատեհապաշտի վրա, որի ներսում մեռնում է Արցախյան ազատամարտից հետո կարգին շունչ չքաշած մի հրաշք երկիր:

Այդ բացահայտումները լինելու են գինը այն բռնի կարգապահության, որից մարդը դուրս էր պրծնում միայն արտագաղթելով: Այդ բացահայտումները պատմության այս օրերի վրա սեւ բիծ են քաշելու, երբ բոլորովին անկաշկանդ տեղեկանալու ենք, որ մեզ՝ ոտ ու ձեռ ունեցողներիս, բանական խոսք ասելու ընդունակներիս կեղեքել են անխնա, օրը ցերեկով: Այդ բացահայտումները ցանկացած իշխանությանը կհերիքեն տնտեսական հրաշքներ գործելու, լուծելու անլուծելի թվացող հարյուրավոր խնդիրներ: Այդ բացահայտումներից հետո Հայաստանը կփակի նախկինը չլինելու էջը: Բայց այդ բացահայտումներին պետք է կարողանալ նայել սառնասրտորեն, այլապես դրանք պատմելու են մեր մասին, թեպետ մենք չէինք գողացողը, լույս են գցելու մեր դեմքին, թեպետ երբ նրանք գողանում էին, մոմ բռնողը մենք չէինք: Մի խոսքով, պետք է պատրաստ լինենք մի Հայաստանի, որի անցյալը ժառանգողը լինելու ենք մենք եւ որը պետք է կրենք իբրեւ մի անբուժելի հիվանդություն, որով այլեւս ոչ մեկը չի հիվանդանալու:

Նախորդ հոդվածը‘Օրվա ցիտատ. Միհրան Պողոսյան. Ընդհանրապես չեմ վախենում ոչնչից’
Հաջորդ հոդվածը‘Համանախագահները կգան հունիսին, բայց օրը դեռ հայտնի չէ’