Արսեն Զախարյանը վերադարձել է «Դինամոյի» մարզումներին․ ակումբի հայտարարությունը

213

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի՝ իսպանական «Ռեալ Սոսյեդադ» տեղափոխության գործընթացում խնդիրներ են առաջացել։

Ռուսական մամուլի համաձայն՝ 20-ամյա ֆուտբոլիստը առայժմ չի մեկնել Սան Սեբիաստիա ու մարզվել է «Դինամոյի» կազմում, քանի որ անձնական պայմանագրի շուրջ դեռ փոխհամաձայնության չի եկել իսպանական ակումբի հետ։ Մոսկովյան ակումբը հանդես է եկել հայտարարությամբ։

«Արսեն Զախարյանն այսօր վերադարձել է թիմի մարզումներին։ Նա ունի գործող պայմանագիր։ «Դինամոն» ու «Ռեալ Սոսյեդադը» ամբողջությամբ հստակեցրել են տրանսֆերի պայմանները։ Մնացած զարգացումները կախված են մյուս կողմերից»,- ասվում է «Դինամոյի» հայտարարության մեջ։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հայ ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքը կկազմի 12 միլիոն եվրո։

Հիշեցնենք, որ Արսեն Զախարյանը «Դինամոյի» սան է, գլխավոր թիմում խաղում է 2021 թվականից, գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: Transfermarkt-ը հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 5 խաղի ու դարձել 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Սիթին»՝ Եվրոպայի սուպերգավաթակիր (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱդրբեջանը խախտել է հրադադարը