‘Արտակ Բեգլարյան. «Ես առաջին հայ չտեսնողը, իսկ միգուցե և առաջին չտեսնողն եմ, ով հաղթահարել է Արարատի գագաթը»’

1671

Վերջերս արցախցի երիտասարդ քաղաքագետ Արտակ Բեգլարյանը, ով 6 տարեկանում ականի պայթյունից կորցրել է տեսողությունը, բարձրացել է Արարատի գագաթը: Արտակը eMedia.am-ի հետ զրույցում պատմել է Արարատը բարձրանալու դժվարությունների, տպավորությունների և իր առաջիկա պլանների մասին:

Ձեզ ենք ներկայացնում հատվածներ՝ այդ հարցազրույցից

Արտակ, ե՞րբ քեզ մոտ ցանկություն առաջացավ բարձրանալ Արարատի գագաթը:

-Չեմ կարող կոնկրետ տարի ու օր ասել, թե երբ իմ մոտ այդ ցանկությունն առաջացավ, բայց այդ բարձրությունը հաղթահարելու մասին մի քանի տարի շարունակ մտածում էի, իսկ բարձրանալու մասին կոնկրետ որոշում կայացրի անցած տարվա մարտ-ապրիլ ամիսներին, երբ իմացա, որ կան Արարատը բարձրացող տուրիստական խմբեր:Մտածեցի ես էլ կարող եմ դա անել: Արարատը բարձրանալու երեք հիմնական պատճառներ ունի՝ նախ այդ լեռը հայերիս համար խորհրդանշական ու սուրբ գագաթ է, և ամեն մի հայ ցանկանում է լինել Արարատի գագաթին, զգալ Արարատի վեհությունը:Երկրորդ՝ ես սիրում եմ լեռնագնացություը, սիրում եմ ինքս ինձ մարտահրավերներ նետել, խոչընդոտներ հաղթահարել, ինչ-որ տեղ սիրում եմ նաև արկածային կյանքն ու ադրենալինը, ահա թե ինչու որոշեցի փորձել: Երրորդ հիմնական պատճառն այն է,որ ես չտեսնող եմ և խորհրդանշական է երբ տեսողությունից զուրկ մարդը հաղթահարում է Արարատի նման բարձունքը:Ես առաջին հայ չտեսնողն եմ, միգուցե նաև առաջին չտեսնողը, որ բարձրացել է Արարատը: Իմ այդ քայլով ցանկացել եմ ցույց տալ, որ ֆիզիկական խնդիրները, հաշմանդամությունը խոչընդոտ չեն, եթե դու ինչ-որ ցանկություն ունես, կարող ես հաղթահարել բոլոր խնդիրները կամքի ուժի, նպատակասլացության և բնավորության այլ հատկանիշների շնորհիվ:

Ի՞նչ զգացողություններ ես ունեցել, երբ հասել ես գագաթ:

-Դժվար է խոսքերով արտահայտել նման պահի զգացողությունները, բայց ընդհանուր առմամբ առաջին զգացողությունն այն էր, որ այսքան պայքարելուց հետո հասնում ես քո նպատակին: Արարատը ոչ միայն գագաթ էր ինձ համար, ոչ միայն նպատակ, որը պետք է հաղթահարեմ, այլ հայ ազգի ինքնության սյուներից մեկն էր, որտեղ հասնելով ինձ զգացել եմ հայ ինքնության կենտրոնական հատվածներից մեկում: Մոտ մեկ ժամ մնացել ենք գագաթին ու բավականին լավ հուշեր եմ ինձ հետ բերել այնտեղից: Իսկ երրորդային զգազողությունը, որ հիշում եմ, հավանաբար ահավոր ցուրտն ու քամին է եղել:

Ո˚րն է լինելու հաջորդ գագաթը«գագաթը»:

-Կոնկրետ գագաթ դեռ չեմ ընտրել, միգուցե հետագայում ևս շարունակեմ լեռնագնացությամբ զբաղվել, բայց առանցքայինն Արարատն էր, որ ինձ համար միայն լեռ չէր: Հերթական գագաթի ընտրությունն իրեն սպասեցնել չի տա, քանի որ շարունակում եմ աշխատել, իսկ աշխատողը միշտ էլ հասնում է «գագաթին»:

-25 տարեկան ես ընդամենը, բայց հասցրել ես հայաստանյան և արտասահմանյան մի շարք բուհերում սովորել, ակտիվ մասնակցում ես ամենատարբեր ամառային դպրոցներին ու ծրագրերին,հասցնում ես ԼՂՀ վարչապետի օգնականի գործին զուգահեռ ակտիվ հասարակական գործունեություն ծավալել: Չեմ կարող չհարցնել, որտեղի՞ց այդքան ուժ ու եռանդ քեզ:

-Երևի իմ բնավարությունից է, իսկ միգուցե իմ անցած ուղուց, որ սովորեցրել է ինձ միշտ պայքարել, ձգտել նոր հաջողությունների, գիտելիքների ու «գագաթների»: Ինձ մեծապես աջակցում է նաև իմ ընտանիքը, հարազատներն ու ընկերները: Իսկ գլխավորն իմ այն գաղափարախոսությունն է, որ մարդը պիտի միշտ պայքարի, չպիտի բողոքի խնդիրներից, այլ պետք է ձգտի լուծել դրանք: Հիմնականում այս գաղափարախոսությունն է, որ ինձ օգնում է:

Քնար Բաբայան

Հարցազրույցն ամբողջությամբ eMedia.am-ում 

  

Նախորդ հոդվածը‘Ակցիա դատախազության մոտ. Թարմացված. Ռեժիմը կորցնում է ինքնատիրապետումը. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը «նեղացել է». Պնդում է, որ անգործություն չի ցուցաբերում եւ կոչ է անում չխանգարել ‘