‘Արտակ Բուդաղյանը կարող է ընդգրկվել որպես մեղադրյալ. Զինդատախազ’

2973

Հայաստանի զինդատախազ Գևորգ Կոստանյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած արյունալի միջադեպից հետո ծանր վնասվածք ստացած Արտակ Բուդաղյանին առայժմ գործով տուժող չճանաչելը պայմանավորում է «բազմաթիվ քննչական գործողությունների անհրաժեշտությամբ»: «Ազատություն» ռադիոկայանի եթերում զինդատախազը քննության արդյունքում չի բացառել որևէ սցենար:

Նախօրեին հայտնի է դարձել, որ պաշտպանության նախարարության քննչական վարչությունը հետաձգել է Արտակ Բուդաղյանին տուժող ճանաչելու պահանջի վերաբերյալ որոշման կայացումը: Բուդաղյանի եղբայրը` հունիսի 1-ի երեկոյան Խաչատրյանի տան մոտ հնչած կրակոցներից տեղում մահացած Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, 43-ամյա գործարար Ավետիք Բուդաղյանը քրեական գործով արդեն իսկ ճանաչվել է որպես տուժող:

«Արտակ Բուդաղյանին որպես տուժող ճանաչելու միջնորդությունը հետաձգվել է: Որպեսզի որոշվի, որ անձը հանցագործության արդյունքում տուժել է, այսինքն իրեն պատճառվել է ֆիզիկական, նյութական կամ բարոյական վնաս (իսկ այս դեպքում մասնավորապես), դեռևս անհրաժեշտ են բազմաթիվ քննչական, դատավարական գործողություններ: Համապատասխան փորձաքննության արդյունքների և այլ ապացույցների համադրության արդյունքում միայն հնարավոր կլինի հստակեցնել գործին մասնակից յուրաքանչյուր անձի դերը, նշանակությունը, և միայն այդ ժամանակ հնարավոր կլինի իրավական գնահատական տալ այդ գործողություններին»,- ասել է Գևորգ Կոստանյանը:

 «Ազատություն» ռադիոկայանը փորձել է նաև ճշտել, հնարավո՞ր է անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում Արտակ Բուդաղյանը ընդգրկվի որպես մեղադրյալ. — «Ամեն ինչ հնարավոր է: Իրավական գնահատականներին կանդրադառնանք հաջորդիվ»,- պատասխանել է զինդատախազը:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը իր հերթին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում գործի իրական հանգամանքների տեսանկյունից անհնար է համարել Արտակ Բուդաղյանին որպես մեղադրյալ ներգրավելը` միաժամանակ հավելելով. — «Բայց հաշվի առնելով զինդատախազի ի սկզբանե դրսևորած այդ միակողմանի մոտեցումը` ես հիմա ոչինչ չեմ բացառում: Ես դա հնարավոր եմ համարում ոչ թե ելնելով գործի իրական հանգամանքներից, այլ հաշվի առնելով զինդատախազի տենդենցիոզ մոտեցումը, որն առաջին օրվանից դրսևորվում է: Գործի հանգամանքներից ելնելով բացառված է, որ Արտակ Բուդաղյանը ներգրավվի որպես մեղադրյալ, ինքը դեպքի հենց հաջորդ օրվանից պիտի ճանաչված լիներ որպես տուժող: Ես վախենում եմ, որ քրեական գործի նյութերը հիմա համապատասխանեցվում են զինդատախազի առաջին օրվա հայտարարություններին»:

Նախորդ հոդվածը‘Մեկ տարի առաջ մահացավ Վահե Ավետյանը(տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում ձերբակալվել է Վահագն Չախալյանի եղբայրը ‘