‘Արտակ Դավթյան. Ավելի շինծու և արհեստական կլիներ, եթե քարոզարշավի ընթացքում միջադեպեր չլինեին’

1100

Նախընտրական քարոզարշավ է և նախընտրական քարոզարշավի ժամանակ ամեն ինչ էլ հնարավոր է: iLur.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն այսպես մեկնաբանեց Սերժ Սարգսյանի քարոզարշավի ընթացքում տեղի ունեցող միջադեպերը:

«Ավելի շինծու և արհեստական կլիներ, եթե որևիցե բան չլիներ: Երբեք վարդագույն ակնոցներով մենք չենք նայում մեր իրականությանը»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ այդպիսով պատկերացնում են, թե առօրյա կյանքում ինչ դժվարություններ, խնդիրներ կան:

Հիշեցնենք, որ Դավիթաշենում Սերժ Սարգսյանի հետ բնակիչների հանդիպման ժամանակ մի կին մեջբերումներ արեց Չեբուրաշկայից, այնուհետև՝ հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանի՝ դահլիճ մտնելը համեմատեց Մովսեսի գալստյան հետ, Եռաբլուրում բողոքող կանանցից մեկին Սերժ Սարգսյանն այսպես պատասխանեց՝ «Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես», և վերջին զավեշտալի դեպքը տեղի ունեցավ Մովսես գյուղում, երբ Սերժ Սարգսյանը գյուղացիներից մեկի հետ զրույցում ասաց. «Այ տենց եք մտածում, որ խիարը թարս ա բուսնում: Որ քո էրեխեքը գնացել են Ռուսաստան՝ ե՞ս եմ մեղավոր: Թող մնար գյուղում հող մշակեր, անասուն պահեր»: Այս բոլոր դեպքերը մեծ արձագանք ստացան սոցիալական ցանցերում:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ նոր պետքարտուղարը ժամանակին հանդես էր գալիս Ցեղասպանության ճանաչման օգտին’
Հաջորդ հոդվածը‘Կառլսենը եւ Արոնյանը բարելավեցին իրենց վարկանիշները’