‘Արտակ Զաքարյանը՝ Մեծ Բրիտանիայի դեսպանի հայտարարությունների մասին. Ցանկալի կլինի, որ դրանք իրականության հետ համահունչ լինեն’

1221

Ես կարծում եմ, որ ցանկացած անձ իրավունք ունի իր դիտարկումները հրապարակային ներկայացնել, բայց, միաժամանակ, ցանկալի կլինի, որ դրանք իրականության հետ համահունչ լինեն և արտահայտեն գոյություն ունեցող իրողությունները: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի հանրապետական պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի հայտարարությունները:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը երեկ իր բլոգում գրառում է արել, որում, մասնավորապես, նշում է. «Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրնե՞րը, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը, կամ գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում»:

Արտակ Զաքարյանը կարծում է, որ Հայաստանում տեղի ունեցող ընտրական գործընթացներն առաջին հերթին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների խնդիրներն են և ՀՀ քաղաքացու ընտրական իրավունքի իրացմանն ուղղված խնդիրներ են:

«Այստեղ ավելի շատ ու ավելի մեծ նշանակություն ունի, թե մեր ընտրողներն ինչպես են մտածում: Կարծում եմ, որ ուսումնասիրությունները, որ մենք նաև իրականացնում ենք նախընտրական գործընթացներում, շատ հուսադրող են, և մեր ընտրողների համար ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի ընտրությունները կոչվեն մրցակցային, որպեսզի քաղաքական ներկապնակում շահագրգիռ քաղաքական ուժերն իրենց մասնակցությունն ունենան, այդ մասնակցությունը ապահովի նաև ընտրությունների մրցակցային ընթացքը: Միևնույն ժամանակ, ընտրական գործընթացի նկատմամբ լինի ամբողջական վստահություն, և դրանք ամբողջովին բխեն ՀՀ ընտրական օրենսդրության պահանջներից»,- ասաց Զաքարյանը:

Մեր հարցին, թե ինչով է պայմանավորված այն, որ վերջին շրջանում դեսպաններն սկսել են ավելի «համաձակ» խոսել Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների մասին, Արտակ Զաքարյանը պատասխանեց, թե դա ոչնչով պայմանավորված չէ, պարզապես ցանկացած անձ իրավունք ունի իր տեսակետը բարձրաձայն արտահայտելու:

«Մենք շատ հարգանքով վերաբերվում ենք բոլոր գոյություն ունեցող տեսակետներին: Այլ բան է, որ այդ տեսակետների հետ մենք համաձայն ենք կամ համաձայն չենք՝ կախված նրանից, թե որքանով է այդ տեսակետը համապատասխանում իրողություններին: Տվյալ դեպքում դեսպանի հայտարարություններում կան նաև վիճարկելի մոտեցումներ, և ամեն ինչ չէ, որ իրականության հետ համահունչ է»,- նկատեց Զաքարյանը, սակայն չմանրամասնեց, թե կոնկրետ որ մոտեցումները նկատի ունի:

Նախորդ հոդվածը‘Ֆեդերերը դրամատիկ պայքարում հաղթեց Ցոնգային’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանյան իրականությո՞ւն, թե՞ Սերժ Սարգսյանի երևակայություն’