‘Արտակ Զաքարյան. Ազատության հրապարակն այնքան էլ հարմար վայր չէ խնդիրներ քննարկելու համար’

864

Ազատության հրապարակը, իհարկե, շատ թանկ հիշողություններ ու դերակատարում ունի մեր 25-ամյա համազգային զարթոնքի ճանապարհին, բայց կարծում եմ, որ այն այսօր այնքան էլ հարմար վայր չէ համապետական նշանակության և ներքաղաքական ապագային առնչվող խնդիրներ քննարկելու համար: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Սերժ Սարգսյանը կընդունի այդ հրապարակում հանդիպելու՝ «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկը:

«Կարծես Րաֆֆի Հովհաննիսյանն իր նամակում չի պնդում այդ հանգամանքը, դա ևս ողջունելի եմ համարում: Դրական եմ գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի պատասխան բաց նամակն՝ ուղղված հանրապետության նախագահին: Կարելի է տպավորություն ունենալ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ընդունում է, որ իր՝ նախկինում արված առաջարկներում կան ոչ միանշանակ և Սահմանադրությանը հակասող առաջարկներ, բայցևայնպես՝ երկխոսության պատրաստակամությունը երկուստեք կարևորվում է»,- նշեց պատգամավորը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ զիջումների է պատրաստ գնալ իշխանությունը, Արտակ Զաքարյանն ասաց, որ «զիջումներ» բառն այս դեպքում չի կարելի օգտագործել, քանի որ Սերժ Սարգսյանը միշտ կողմնակից է եղել բաց դռների քաղաքականություն վարելուն, այսինքն՝ գոյություն ունեցող խնդիրները համատեղ, երկխոսությունների և հանդուրժողականության մթնոլորտում լուծելուն: «Ես չեմ ընդունում բոլոր այն գործիչների դիրքորոշումը, որ այստեղ փոխզիջումային կամ զիջումային քաղաքականություն պետք է լինի: Սա երկուստեք բարի կամքի դրսևորում է, և սա պետք է բարձր գնահատել»,- նկատեց պատգամավորը:

Մեր դիտարկմանը, որ Րաֆֆի Հովհաննիսյանը կոնկրետ պահանջներ է ներկայացրել, Զաքարյանն արձագանքեց, թե դրանք արդեն երկխոսության սուբյեկտն են, ու դժվարացավ մեկնաբանություններ տալ:

«Բայց որպես քաղաքական գործիչ՝ ինձ համար շատ էական է այն հանգամանքը, որ մենք մեր ներքին խնդիրների հանգուցալուծման համար ունենանք հանդուրժողականության և փոխադարձ վստահության մթնոլորտ, ինչը կարծես թե ձևավորվել է, և դա շատ լավ մշակույթ կարող է լինել մեր երկրի կյանքում»,- ասաց Զաքարյանը:

Նա նշեց, որ ինքը՝ որպես քաղաքական գործիչ ու արտաքին հարաբերություններով զբաղվող անձ, խիստ կարևորում է մեր երկրում ժողովրդավարական հաստատությունների կայացման և զարգացման բոլոր միջազգային գնահատականները, այդ իսկ պատճառով «պետք է այսուհետ կարողանանք քաղաքակիրթ, կառուցողական և փոխվստահության մթնոլորտում համաձայնեցնել ներքին կյանքին առնչվող ներքին խնդիրները»: 

Նախորդ հոդվածը‘Վահագն Խաչատրյան. Իշխանությունները կանաչի նկատմամբ հատուկ հակակրանք ունեն’
Հաջորդ հոդվածը‘Հայտարարություն. Վլադիսլավ Մանգասարյանի ձեռքով խաբված քաղաքացին իր բնակարանն է պահանջում’