‘Արտակ Խաչատրյան. Ես շարունակելու եմ իմ պայքարը’

1442

«Իմ գործունեության ոլորտում ոչինչ չի փոխվել, ես շարունակում եմ մնալ ազատության եւ արդարության մարտիկ: Ես իմ պայքարը շարունակելու եմ»: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց օրեր առաջ ծեծի ենթարկված Արտակ Խաչատրյանը:

Անդրադառնալով իր՝ ԲՀԿ անդամ լինելուն՝ Արտակ Խաչատրյանը նշեց, որ շարունակում է մնալ կուսակցության շարքերում եւ հարկ եղած դեպքում ամենածանր աշխատանքը կատարել հանուն գաղափարախոսության:

Խոսելով իր առեւանգման մասին՝ Արտակ Խաչատրյանը նշեց. «Ես ՀՀ քաղաքացի եմ եւ պահանջատեր եմ: Բնականաբար, որպես օրինապահ եւ օրինապաշտ քաղաքացի՝ իրավապահ մարմիններից ակնկալում եմ գործի շուտափույթ բացահայտում: Ես ընդամենը կարող եմ ասել, որ հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Բացի այդ, ես ընդամենը երեկ եմ դուրս գրվել հիվանդանոցից եւ չէի կարող քաջատեղյակ լինել մի շարք մանրամասների. ես ունեմ ավելի կարեւոր հարց, որը վերաբերվում է իմ առողջությանը: Ես դեռ երկար պետք է բուժվեմ»:

Լրագրողների այն հարցին, թե ի՞նչ կարծիք ունի իր կուսակցի կողմից առևանգվելու վարկածի մասին, Արտակ Խաչատրյանը պատասխանեց. «Ես անձամբ մասնակցել եմ այդ ստուգումներ կոչվածին, և հերքել եմ այդ փաստը՝ հաստատելով, որ չեմ եղել այդ վայրում: Գործի մեծ մասը անհայտ է և ենթադրությունների մակարդակով խոսելը ճիշտ չէ»:

Հիշեցենք, որ փետրվարի 7-ին, մի խումբ դիմակավոր անձիք, ինքնաձիգով զինված, Երևան քաղաքի կենտրոնից առևանգել և դաժան ծեծի էին ենթարկել «Կասեցում» շարժման ակտիվիստ, ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արտակ Խաչատրյանին: Վերջինս օրեր շարունակ գտնվել է հիվանդանոցում: Խաչատրյանն ուներ քթի կոտրվածք, բազմաթիվ սալջարդեր և վերքեր: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Հայաստանի ճակատագիրն է որոշվում’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար Լենինգրադյան փողոցում’