Արտակ Հարությունյան. Մի կեղծիքի մասին

911

Արտակ Հարությունյանը Ֆեյսբուքում գրել է.

«Այսպես կոչված` «քաղաքացու օրվա» ուղերձում Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իրենց գալուց հետո ժողովուրդն է ընտրում, թե ով լինի վարչապետ, պատգամավոր, ավագանի, համայնքապետ։

Սա առաջին անգամը չի, որ պայմանական ասված «արդար ընտրությունները» իրենց այցեքարտն են դարձնում։

Իրականում սա կեղծիք է։

Խնդիրն էն ա, որ արդար ընտրությունների կարևոր պայմաններից մեկը ժողովրդի ընտրության հարգումն է։ Մեկ այլ պայմանը՝ ժողովրդի ընտրության համար կարծիքի ազատ ձևավորման միջավայրի ապահովումն է։

Էս երկուսն էլ Հայաստանում խախտված են։ Պետք է ՀՍՏԱԿ հասկանալ, որ անարդար ընտրությունը միայն ընտրատեղամասում կոպիտ խախտումներն ու ընտրակաշառքը չեն։

Մի քանի ակնհայտ օրինակ.

— Բազմաթիվ համայնքներում ընդդիմության թեկնածուի հաղթանակը կանխելու համար կամ ընդդիմության թեկնածուի հաղթանակից հետո վերջինիս վրա քրեական գործ է հարուցվել, դարձել է մամուլում իշխանական մամուլի թիրախը։ Սա ընտրովի արդարադատության ցցուն նմուշ է։ Խնդիրն էն չի` տվյալ անձը այդ հանցանքը գործե՞լ է, թե՞ ոչ։ Խնդիրը քրեական գործի տվյալ պահին հարուցումն է, որը ուղղված է, բացի ամեն ինչից, ժողովրդի, բնակչության ընտրության դեմ։ Իրականում, բազմիցս ասել եմ, ավելի սարսափելի բան է ընտրովի արդարադատությունը, քան արդարադատության բացակայությունը։ Ընտրովի արդարադատությունը մահակ է, որով իշխանությունը հնազանդեցնում է ինչ-որ մեկին։ Էս դեպքում նաև խլում է ընտրողի քվեն։

— Երբ ԱԺ, այսպես կոչված, տիտղոսային ընդդիմությունը բոյկոտում էր ԱԺ նիստերը, իշխանության խոսույթում կարևոր ձևակերպում կար. «Ընդդիմությունը չի հարգում ժողովրդի ընտրությունն ու չի կատարում նրա առջև ստանձնած պարտավորությունը»։ Հետաքրքիր զուգադիպիպությամբ նույն այդ ժամանակ Ալավերդու ավագանու ընտրություններում իշխանությունը լիքը ռեսուրս էր դրել Արեն Մկրտչյանի ընտրության համար։ Ի հեճուկս դրա` ընդդիմադիր 2 ուժեր միասին ավելի քվե հավաքեցին ու միավորվեցին։ Սրան հետևեց իշխանության թևի բոյկոտն ավագանու նիստերին. բացարձակ արհամարհական վերաբերմունք ժողովրդի քվեի նկատմամբ։

— Երևանի ավագանու ընտրություններում ժողովուրդը քվե էր տվել իշխանական ուժին, որի քաղաքապետի թեկնածուն Հայկ Մարությանն էր։ Այսօր օրենքի խախտմամբ քաղաքապետի պարտականությունները այլ մարդ է կատարում, իսկ տարուց ավելի է` նախապատրաստվում են իշխանության կողմից էնպիսի ընտրություններ, որտեղ իրենց թեկնածուին կկարողանան անցկացնել։ Հայաստանի ամենամեծ համայնքում այսօրվա իշխանությունը որևէ կապ չունի ժողովրդի կամարտահայտման հետ, իշխանությունը զավթված է։

— Տնտեսական, վարչական, տեղեկատվական ռեսուրսներով բոլոր ընտրություններում ժողովրդին դրվում է կաղապարի մեջ, որտեղ ինքը չունի ազատ կամարտահայտման իրավունք, ընտրությունը վերածվում է ֆարսի՝ պայմանական սև ու սպիտակի միջև։

— Ընդդիմադիր պատգամավորները` ըստ իշխանական պատգամավորների հայեցողության, զրկվում են անձեռնմխելիությունից, նմանատիպ արարքների համար իշխանական պատգամավորները (օրինակ՝ խուլիգանության) չեն զրկվում։ Սա նույնպես ընտրողի կամքի նկատմամբ բռնություն է։ Ընտրողի կամքով չի լինում այս կամ այն քայլը, այլ իշխող խմբակի քմահաճույքով։

Այսօր Հայաստանում ուղղակի չկա արդար ընտրություն։

Ժողովրդին ընտրության իրավունքի վերադարձի մասին թեզը բլեֆ է։ Շուտով ականատես կլինենք ավելի կոպիտ ու ակնհայտ խախտումների»։

Նախորդ հոդվածըԷրդողանը հայտարարել է Թուրքիայում նավթի նոր հանքավայրեր հայտնաբերելու մասին
Հաջորդ հոդվածըՉԻ. Դեպի անդունդը՝ ծափ-ծիծաղով, իրար սպառնալով, իրար աչքով անելով․․․