‘Արտակ Նազարյանի գործով մեղադրական ճառը (Տեսանյութ)’

937

Այսօր Տավուշի մարզի Ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ անցած նիստի ժամանակ հնչել է 2010 թվականին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով մեղադրական ճառը:

Ըստ Epress.am-ի, մեղադրող դատախազներ Հարություն Հարությունյանը և Հայկ Հարոյանը մեղադրյալ Հակոբ Մանուկյանի համար պահանջել է 13 տարվա ազատազրկում, Վահագն Հայրապետյանի, Ադիբեկ Հովհաննիսյանի և Մխիթար Մխիթարյանի համար՝ 4 տարվա, իսկ Հարութիկ Կիրակոսյանի՝ 2 տարվա:

Տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը ճառին պատրաստվելու համար 2-3 շաբաթ ժամանակ է խնդրել՝ պատճառաբանելով դա իր և ընտանիքի անդամների առողջական խնդիրներով: Դատավոր Սամվել Մարդանյանը հաջորդ դատական նիստը նշանակել է մարտի 26-ին:

Հիշեցնենք, որ ըստ պաշտոնական վարկածի՝ Արտակ Նազարյանը ինքնասպանություն է գործել. նրան ինքնասպանության հասցնելու մեջ մեղադրվում են զորամասի մի քանի զինծառայողներ: Թե տուժող, թե մեղադրվող կողմի ներկայացուցիչները մշտապես դժգոհել են քրեական գործի ընթացքից, դատախազներին և դատավորին մեղադրել են կողմնապահության մեջ: Տուժողի շահերի իրավահաջորդը համաձայն չէ պաշտոնական վարկածի հետ և նշում է, որ գործում բազմաթիվ բացթողումներ կան, իսկ Արտակ Նազարյանը ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ սպանվել է:

Տեսանյութը՝ «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության

Նախորդ հոդվածը‘Ավարտվել է «Հարսնաքարի գործով» գրավոր նյութերի հետազոտումը’
Հաջորդ հոդվածը‘Red Beard-ը ներկայացրել է իր աշուն-ձմեռ 2013 նոր հավաքածուն (ֆոտոշարք)’