‘Արտակ Նազարյանի սպանության գործով «Դատախազությունը կախվում է փրփուրներից»’

1991

Տավուշի \”Մեհրաբ\” զորամասում մահացած սպա Արտակ Նազարյանի իրավահաջորդներ Ծովինար Նազարյանը (քույրը), Մուշեղ Շուշանյանը (փաստաբան) եւ Ռուբեն Մարտիրոսյանը (իրավապաշտպան) հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ նշել են, որ Արտակ Նազարյանի սպանության գործով «Դատախազությունը կախվում է փրփուրներից»: 

Իրավահաջորդների հայտարարությունն ամբողջությամբ ilur.am-ը ներկայացնում է ստորեւ:

«Զինդատախազության հսկողությամբ իրականացված նախաքննության հայտարարած վարկածը՝ «ինքնասպանության դրդում», եւ մեղադրական եզրակացությունը ի սկզբանե կասկածի տակ է առնվել տուժող կողմից, եւ այդ կասկածներն օրեցօր ամրապնդվում եւ ավելանում են դատարանում:

Անցած շաբաթ Հայաստանի երկու պարբերականներում՝ տպագիր «Հայոց աշխարհ»-ում եւ էլեկտրոնային Pastinfo.am-ում հրապարակվեցին երկու հոդված՝ երկուսն էլ երկու մասանոց, որում իբրեւ թե փորձ էր արվում լուսաբանել Արտակ Նազարյանի մահվան հանգամանքները: Այդ հրապարակումները հենված էին միայն նախաքննության նյութերի վրա, թեեւ մեկ տարուց ավելի է՝ դատաքննություն է ընթանում, եւ նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական հանգամանքներից շատերը հերքվել են դատարանում, շատերի կապակցությամբ նոր փաստեր են ի հայտ եկել, ինչպես նաեւ շատ ապացույցներ կորցրել են իրենց ապացուցողական նշանակությունը: Այս երկու լրատվամիջոցները երբեւէ չեն լուսաբանել Արտակ Նազարյանի գործը, մասնավորապես՝ դատավարությունը, իսկ այս հոդվածները հրապարակելիս, թեեւ հոդվածագրերին ներկայացրել են որպես իրենց լրատվամիջոցի հեղինակ, նեղություն չեն տվել իրենց՝ տեսնելու այս մեկ տարում գործի շուրջ առկա գործընթացը եւ փաստական հանգամանքների ներկա վիճակը: Այլ կերպ ասած, նրանք հրապարակել են ոչ միայն միակողմանի, այլեւ ուշացած եւ հերքված տեղեկություններ:

Իրականում, մենք համոզված ենք, որ այս հրապարակումների թիկունքում կանգնած է զինվորական դատախազությունը, որի «անմեղության վարկածի» մասին հերթապահ ծանուցումն առկա է նաեւ Pastinfo.am-ի հրապարակման ներքո: Ավելին, վերջինս չէր կարող իմանալ, թե ինչ ապացույցներ են առկա գործի գաղտնի վարույթում, եթե այդ մասին նրան տեղյակ պահած չլինեին դատախազությունից կամ պաշտպանության նախարարությունից, քանի որ դրանք չեն հրապարակվել դատարանում, եւ միայն այս երկու մարմիններն են տիրապետում գաղտնի վարույթի նյութերին:
Մեր գնահատմամբ, զինդատախազությունը կամ պաշտպանության նախարարությունը խախտել է գաղտնի վարույթի նկատմամբ գաղտնիության սկզբունքը: Վարույթի նութերը չեն կարող քողազերծվել եւ չեն կարող հայտնի դառնալ այլ անձանց, քան դատավարության մասնակիցներից, ովքեր պետք է պարտավորվեն չհրապարակել դատական փակ գաղտնի նիստում լսվածը: Մինչդեռ, նման նիստ կայանալուց եւ գաղտնի վարույթի նյութերին դատավարության մասնակիցներին ծանոթացնելուց առաջ դրանք երրորդ կողմի տրամադրելը կոպտորեն խախտում է գաղտնիության սկզբունքը եւ ոտնահարում դատավարության մասնակիցների դատավարական իրավունքները:

Մեր գնահատմամբ, չկարողանալով դատարանում համոզիչ կերպով պաշտպանել իրենց իսկ ստորագրած մեղադրական եզրակացությունը, զգալով, որ դատավարության ընթացքում մեկ առ մեկ փուլ են գալիս իր հովանավորությամբ՝ ՀՀ ՊՆ Քննչական ծառայության՝ նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, ավելին՝ բացահայտվում են իր հովանավորությամբ քննչական ծառայության եւ ռազմական ոստիկանության կատարած անօրինականությունները, բռնություններն ու ճնշումները վկաների եւ ամբաստանյալների վրա, ապացույցների փչացումը, ոչնչացումն ու աղավաղումը, զինդատախազությունը փորձում է ապակողմնորոշել հասարակությանը, աղճատված հանրային կարծիք ձեւավորել եւ նման կարծիքով ճնշում գործադրել դատարանի վրա:
Մեր գնահատմամբ, սա ցույց է տալիս, որ դատախազությունում խիստ անհանգստացած են դատավարական գործընթացի ներկա վիճակով եւ հերթական անգամ անընդունելի միջոցների են դիմում՝ ճշմարտության բացահայտմանն ուղղված ջանքերը սխալ հետքերով տանելու, հասարակությանը եւ դատաքննությունը մոլորեցնելու եւ իրենց «անսխալականությունն» ապացուցելու նպատակով:
Հայտարարում ենք, որ չնայած փրփուրներից կախվելու՝ դատախազության այսպիսի փորձերին, Արտակ Նազարյանի ընտանիքը, նրա ներկայացուցիչները եւ նրա աջակիցները վճռական են բացահայտելու ճշմարտությունը ինչպես Արտակ Նազարյանի սպանության հանգամանքների, այնպես էլ այդ սպանությունը կոծկելուն ուղղված քայլերի մասին, ովքեր էլ լինեն դրանց հեղինակները»:

Նախորդ հոդվածը‘ԱԳՆ աշխատակիցը կասկածվում է կաշառք վերցնելու մեջ’
Հաջորդ հոդվածը‘Կորսիկայում ահաբեկիչները պայթեցրել են մի քանի խոշոր հանրախանութ’