‘Արտաշես Գեղամյանի կյանքի որոշ հետաքրքիր դրվագները ‘

1380

Ո՞վ էր Արտաշես Գեղամյանը «մինչ հեղափոխությունը», այլ կերպ ասած, մինչ 1990 թվականի օգոստոսը: Նա մի սովորական կուսաշխատող էր, հեռահար նպատակներով եւ ձգտումներով: Նա, ղեկավարելով Երեւանի շրջաններից մեկը, երազում էր զբաղեցնել կոմկուսի առաջին քարտուղարի պաշտոնը, բայց իրավիճակը փոխվեց: Նա կատաղի պայքար էր մղում Հայոց Համազգային Շարժման դեմ, այլ կերպ ասած՝ պայքարում էր առաջընթացի դեմ:

Բայց նա պատկանում է մարդկանց այն տեսակին, որոնց քամելեոն են անվանում: Հասկանալով, որ փոփոխություններին հնարավոր չէ դիմակայել, նա փոխեց իր գույնը եւ դարձավ Արցախը Հայաստանին միավորելու եւ անգամ Անկախության ջատագով:

Իրականում, սակայն, ՀԼԿԵՄ կենտկոմում հրահանգիչ, Պոլիտեխնիկական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչ աշխատած Արտաշես Գեղամյանը հոգու խորքում «չներեց» Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ Շարժման մյուս տղաներին, այլ կերպ ասած, ժողովրդի ճնշող մեծամասնությանը: Նա արդեն դարձել էր Երեւանի քաղաքապետ, շատ քիչ էր մնում իր երազանքն իրականացնելու համար, եւ ստիպված դարձավ անկախական:

Այսուհանդերձ, Շարժման պարզ եւ մաքուր տղաները չհասկացան, որ գործ ունեն քամելեոնի հետ, որը պարզապես հանուն իր նեղ անձնական շահերի դարձել է Անկախության ջատագով: Նա այնքան լավ դերասանություն արեց, որ 1995թ. դարձավ Ազգային ժողովի պատգամավոր: 1997թ. հիմնադրեց «Ազգային Միաբանություն կուսակցությունը»` պատրաստվելով հերթական ճամբարափոխությանը:

1998թ. նա նախագահի թեկնածու էր, բայց իր եթերաժամն օգտագործում էր ՀՀՇ-ին, նրա առաջնորդին վարկաբեկելու համար: Իհարկե, նա չէր մոռանում նաեւ քծնել Ռոբերտ Քոչարյանին: Կոմկուսի դպրոցն անցած քամելեոնատիպ գործիչը հասկացել էր, որ հենց նա պետք է նախագահ ընտրվի: Միաժամանակ նա առիթը բաց չէր թողնում Կարեն Դեմիրճյանին մի երկու դառը խոսք ասելու համար:

Նա իր կղանքագույն սվիտերը հագին, կիսալացակումած խնդրում էր պատժել Վանո Սիրադեղյանին: Ցավոք, նրա վրա ծիծաղում էինք, անեկդոտների հերոս սարքում, բայց նա իր տեղն ամրացնում էր, նպաստելով Հայաստանի քաղաքական դաշտի բարոյազրկմանը:

1999 հոկտեմբերի 27-ի դաժան դեպքերից հետո նա արտասվելով հեռուստաէկրաններից երկրապահի տղաներին զգոնության կոչ էր անում, խնդրում կշռադատված քայլեր կատարել, իսկ հաղորդումից հետո չէր մոռանում անպայման խնդրել տեսագրությունը` արխիվի համար: Նա այդ ժամանակ կրկին պատգամավոր էր եւ այնտեղ էր խցկվել «Իրավունք եւ միաբանություն» դաշինքի կազմում` հերթական անգամ խաբելով ժողովրդի մի մասին:

Քամելեոնատիպ այս գործիչը 2003թ. խորհրդարանում հայտնվեց եւ անգամ առաջադրվեց նախագահի թեկնածու: Նա հրաշալի կերպով խաղաց ընդդիմադիր գործչի դերը, իսկ հետո քցեց բոլորին, նպաստելով ընդդիմության ձայների տրոհմանը:

Գեղամյանի աստեղային ժամը հասավ 2008-ին, երբ նախագահի պաշտոնում հայտնվեց Սերժ Սարգսյանը: Հիմա նա կրկին պատգամավոր է: Նա փորձում է վարձահատույց լինել Սերժ Սարգսյանին եւ քննադատում է բոլոր նրանց, ովքեր կարող են վտանգ ներկայացնել Սերժ Սարգսյանի կառավարման, այլ կերպ ասած, իր բարօրության համար: Քամելեոնատիպ նման գործիչների ակտիվությունը վկայում է, որ Հայաստանն իր լավ ժամանակները չի ապրում, բայց հաստատ իրավիճակը փոխվելու է եւ այդ ժամանակ դաշտը պետք է մաքրել նման քամելեոններից, այլապես մեր երկիրը երկար չի դիմանա: Նրանց նմաններին պարզապես պետք է իրենց տեղը դնել եւ վերջ: Նրանց պետք է մոռացության մատնել:

Վարդան Կարապետյան

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյանն ու Դավիթ Հարությունյանը բանավիճեցին (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը ԱԳՆ շենքը աճուրդի կհանի ‘