‘«Արտ Լաբորատորիա»-ի չորս անդամներ կտուգանվեն Շանթի դիմանկարների համար’

1039

Իրավապահները որոշել են 30-հազարական դրամով (մոտ 75 դոլար) տուգանել «Արտ Լաբորատորիա» խմբի չորս անդամների, ովքեր Երևանի կենտրոնական փողոցներում ու շենքերի պատերին Շանթ Հարությունյանի դիմանկարն էին պատկերել:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է «Արտ Լաբորատորիա»-ի անդամ Արթուր Պետրոսյանը, ոստիկանությունը կարճել է հարուցված քրեական գործը՝ եզրակացնելով, որ ակտիվիստները վարչական իրավախախտում են թույլ տվել:

«Հիմնավորումը էն է, որ մենք վնասել ենք ուրիշի գույքը, չնայած մենք ոչ մի մասնավոր տարածքի վրա, մասնավոր պատի, կոնկրետ ինչ-որ անձի պատկանող պատի վրա Շանթի նկարը չենք նկարել», — ասել է Պետրոսյանը՝ շարունակելով․ — «Մյուս կողմից, էն վանդալիզմը, որ անում է քաղաքապետարանը դալանները նկարելով՝ էդ իր անճաշակ նկարներով, սա ավելի մեծ վնաս է հասցնում հասարակությանն ու հանրությանը, քան մեր արածը»:

«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի հեղափոխության փորձից մի քանի օր հետո նրա դիմանկարով գրաֆիտին հայտնվել էր Երևանում, սակայն ժամեր անց ոստիկանները դրանց հետքը անգամ չէին թողել:

Ակտիվիստները մտադիր չեն մուծել տուգանքները, ավելին՝ համոզված են, որ քաղաքային իշխանություններն են վանդալիզմով զբաղված:

Նախորդ հոդվածը‘ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը առաջարկում է միջոցներ ձեռնարկել ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության մեծացման ուղղությամբ’
Հաջորդ հոդվածը‘Ըստ քաղաքացի Ռ. Թ.-ի հաղորդման` ոստիկանները չարաշահել են պաշտոնեական լիազորությունները’