‘Արցախի վարչապետի մոտ քննարկվել են ապրանքների գների կայունացման հարցեր’

1038

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանի մոտ այսօր հրավիրվել է խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են դրամի  արժեզրկման հետևանքով հանրապետությունում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքատեսակների գների բարձրացման  հետ կապված հարցեր:Այս մասին հաղորդում է Արցախի կառավարության կայքը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ գների չհիմնավորված բարձրացումները կանխելու և դրանք կայունացնելու համար համապատասխան մարմինների կողմից օրեր առաջ սկսվել են միջոցներ ձեռնարկվել:

Վերջին օրերի ընթացքում հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովի, հարկային պետական և ազգային վիճակագրական ծառայությունների կատարած ուսումնասիրությունների ու դիտարկումների արդյունքներով՝ որոշ ապրանքատեսակների  գները զգալիորեն աճել են: Նշանակալի գնաճ է արձանագրվել առանձին ապրանքատեսակների` մասնավորապես, շաքարավազի և բուսական յուղի մասով, տեղական ալյուրի գինը մնացել է անփոփոխ: Ըստ զեկուցումների՝ տնտեսվարող սուբյեկտների հետ տարվող աշխատանքի միջոցով ոլորտը կարգավորող մարմինները վերահսկում են գների անհիմն բարձրացումները, իսկ տարադրամի փոխարժեքի կայունացմանը զուգահեռ կկայունանան նաև ապրանքների գները:

Վարչապետը խորհրդակցությանը ներկա շահագրգիր գերատեսչությունների ղեկավարներին հորդորել է հետևողական աշխատանք տանել շուկայի ամենօրյա ուսումնասիրության ուղղությամբ, իրենց լիազորությունների սահմաններում շարունակել վերահսկողությունը տնտեսվարող սուբյեկտների շրջանում՝ գների անհիմն բարձրացումները կանխելու համար: Ա. Հարությունյանը շեշտադրել է, որ դրամի փոխարժեքի կայունացումից հետո գործադիրը համապատասխան հետևություններ կանի և կարիքի դեպքում լրացուցիչ գործիքներ կկիրառի սոցիալական լարումը մեղմելու նպատակով:

Նախորդ հոդվածը‘Ընդդեմ թանկացումների բողոքողները սպառնում են քաղաքացիական անհնազանդության ակցիաներով (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Դեկտեմբերի 19-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 442.44 դրամ/դոլար’