‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Ազատագրվել է Մատաղիսը ‘

1270

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ.-ի կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին գրի է առել մի տետրում Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ բնականաբար ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափոկումների: Այդուհանդերձ դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

Եվ այսպես սկսում ենք 1993-ի հունիսից: Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջարի) գործողության հաջողումից հետո 1993-ի ապրիլին, մինչեւ հունիսի կեսեր Արցախյան ռազմաճակատում խոշոր մարտեր չեն ըթնացել: Դրանք վերսկսվում են հունիսի կեսից եւ մինչեւ հուլիսի վերջ կենտրոնացած են լինում հիմնականում Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ՝ ավարտվելով այդ երկու բնակավայրերի ազատագրմամբ եւ հայկական ուժերի փայլուն հաղթանակով: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը, դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումը այդ օրերի ռազմական իրադրության մասին:

1993 հունիսի 27

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ հրետակոծվել է Ստեփանակերտը: Կան զոհեր: Հայկական ուժերը պատասխան կրակ են բացել Աղդամի եւ Թարթարի կրակակետերի ուղղությամբ, որից հետո թշնամու կրակը դադարել է:

Արցախի բանակը ետ մղելով թշնամու հարձակումները Մարտակերտի ուղղությամբ՝ անցել է հակագրոհի եւ ազատագրել Մատաղիս գյուղը, ինչպես նաեւ տիրել է Մարտակերտ շրջկենտրոնի իշխող բարձունքներին:

Մեկնաբանություն գրառումների հեղինակի կողմից. մարտերը Մարտակերտի ուղղությամբ մտնում են վճռական փուլ: Մոտենում է Մարտակերտ շրջկենտրոնի ազատման պահը՝ մոտ մեկ տարի թշնամու ձեռքում գտնվելուց հետո:

 

 

Նախորդ հոդվածը‘«Սպարտակ»-«Դինամո» (Կիեւ)՝ Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Վոյցեխ Սավիցկիին եւ Նիլս Մուժնիեքսին’