‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Խփվել է հակառակորդի ՍՈՒ 25 մակնիշի ինքնաթիռ’

6488

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ.-ի կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին գրի է առել մի տետրում Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ բնականաբար ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափոկումների: Այդուհանդերձ դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

Եվ այսպես սկսում ենք 1993-ի հունիսից: Քարվաճառի (այն ժամանակ՝ Քելբաջարի) գործողության հաջողումից հետո 1993-ի ապրիլին, մինչեւ հունիսի կեսեր Արցախյան ռազմաճակատում խոշոր մարտեր չեն ըթնացել: Դրանք վերսկսվում են հունիսի կեսից եւ մինչեւ հուլիսի վերջ կենտրոնացած են լինում հիմնականում Մարտակերտի եւ Աղդամի ուղղությամբ՝ ավարտվելով այդ երկու բնակավայրերի ազատագրմամբ եւ հայկական ուժերի փայլուն հաղթանակով: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը, դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումը այդ օրերի ռազմական իրադրության մասին:

 

1993 հունիսի 17

 

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ գնդակոծվել են Հադրութի շրջանի գյուղերը: Շարունակվում են մարտերը Մարտակերտի շրջանում: Հայակական ուժերը հակահարվածներ են հասցնում թշնամուն:

 

1993 հունիսի 18

 

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ խփվել է հակառակորդի ՍՈՒ 25 մակնիշի ինքնաթիռ: Նախորդ օրը ռմբակոծվել են Ստեփանակերտի բնակելի թաղամասերը: Հայկական ուժերը վերագրավել են կորցրած դիրքերը Մարտակերտի շրջանում, եւ ետ մղել հարձակումը Մաղավուզ գյուղի ուղղությամբ:

Կարճ փոխհրաձգություններ Կրասնոսելսկի շրջանում:

Շարքի նախորդ նյութերը` այստեղայստեղ եւ այստեղ:   

 

 

Նախորդ հոդվածը‘Ինչպես էին Թբիլիսիի «Դինամոյի» կողմնակիցները հարձակվել «Շիրակի» երկրպագուների վրա. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Վարչապետն ընկերների հետ ճաշել է պետբյուջեի հաշվի՞ն. Մամուլ’