‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Հարձակում է սկսվել նաեւ Աղդամի ուղղությամբ’

3886

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ. կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին գրի է առել մի տետրում Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ, բնականաբար, ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափակումների: Այդուհանդերձ, դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում, տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

1993-ի հուլիսի վերջին՝ Մարտակերտի եւ Աղդամի ազատագրումից հետո, մարտերը ժամանակավորապես դադարում են՝ վերսկսվելով օգոստոսի երկրորդ շաբաթվանից, այս անգամ արդեն ծավալվելով հարավային ուղղությամբ՝ դեպի Ֆիզուլի-Ջեբրայիլ-Ղուբաթլի-Զանգելան, որոնք հայկական ուժերի ծրագրավորված գործողությունների արդյունքում պետք է հերթով ընկնեն հայերի ձեռքը: Հայկական ռադիոն, իհարկե, ավելի շատ խոսում է թշնամու գրոհների եւ մերոնց հակահարվածների մասին՝ հասկանալի պատճառներով, սակայն, ուշադիր ունկնդիրն արդեն այն ժամանակ հիմնականում հասկանում էր, թե ո՛ր դեպքերում են իրոք կասեցվել թշնամու գրոհները, իսկ ո՛ր դեպքերում այդ հաղորդագրություններում քողարկված են հայակական ուժերի հաջող հարձակվողական գործողությունները: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը՝ դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումը այդ օրերի ռազմական իրադրության մասին:

Օգոստոսի 7-ից մեկնարկում է Ֆիզուլիի գործողությունը, որն ավարտին է հասցվում կարճ ժամկետում՝ մոտ 10 օրում:

1993 օգոստոսի 13

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ ադրբեջանական զորամիավորումները հարձակում են սկսել Արցախի հարավ-արեւելյան սահմանագծում: Թշնամին ետ է մղվել՝ կրելով զգալի կորուստներ եւ թողնելով տասնյակ զոհեր: Խփվել է մեկ տանկ:

Հարձակում է սկսվել նաեւ Աղդամի ուղղությամբ: Մարտերը շարունակվում են:

1993 օգոստոսի 14

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ երեկ կասեցվել է ադրբեջանական գրոհն Աղդամի ուղղությամբ: Թշնամին ետ է մղել նախնական դիրքեր՝ կրելով զգալի կորուստներ: Մեր կողմից զոհվել է մեկ, եւ վիրավորվել երկու ազատամարտիկ:

Հրետանային նախապատրաստությունից հետո երեկ հարձակում է սկսվել Հադրութ շրջկենտրոնի ուղղությամբ: Հարձակումը ետ է մղվել:

Միաժամանակ կասեցվել է թշնամու գրոհը Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղի ուղղությամբ:

Մեկնաբանություն գրառումների հեղինակից:  Հայաստանի ռադիոյի զգուշավոր հաղորդումների ենթատեքստում իրականում կարելի է զգալ դեպի Ֆիզուլի ծավալվող հայկական գործողության ուժգնացումը: Այդ շրջկենտրոնի ազատագրմանը մնացել է 2-3 օր: 

Նախորդ հոդվածը‘Բերդիմուհամեդովը կառավարությանը կպաշտպանի գնդակադիմացկուն ապակիներով’
Հաջորդ հոդվածը‘Վենեսուելայի իշխանությունները պայքարում են «մազ փախցնողների» դեմ’