‘Արցախյան պատերազմ. 20 տարի առաջ. Մեկնարկում է Ֆիզուլիի գործողությունը ‘

6019

Այս տարի լրանում է Ղարաբաղյան պատերազմում վճռորոշ ճակատամարտերի 20-ամյակը: Այդ կապակցությամբ մեր կայքում օրական ռեժիմով կանդրադառնանք այդ օրերի մարտերին՝ բառացի վերարտադրելով Հայաստանի պետական ռադիոյի 1993-94 թթ. կարճ հաղորդագրությունները, որոնք ժամանակին մի տետրում գրի է առել Հայաստանից դուրս ապրող եւ Հայաստանի լուրերը ռադիոյի միջոցով իմացող մեր  ընթերցողներից մեկը (Հրանտ Տեր-Աբրահամյանը): Այս հաղորդագրություններն, իհարկե, թերի են, հաճախ գուցե չեն արտացոլում ամբողջական պատկերը, որոշ դեպքերում էլ, բնականաբար, ենթակա են ռազմական քարոզչության եւ հակաքարոզչության հրամայական սահմանափակումների: Այդուհանդերձ՝ դրանք արժեքավոր են հենց որպես ժամանակաշրջանի բառացի արտացոլում, եւ ամեն դեպքում՝ տալիս են ընդհանուր պատկերացում մարտերի ընդհանուր ուղղության եւ արդյունքների մասին:

1993-ի հուլիսի վերջին՝ Մարտակերտի եւ Աղդամի ազատագրումից հետո, մարտերը ժամանակավորապես դադարում են՝ վերսկվելով օգոստոսի երկրորդ շաբաթվանից, այս անգամ արդեն ծավալվելով հարավային ուղղությամբ՝ դեպի Ֆիզուլի-Ջեբրայիլ-Ղուբաթլի-Զանգելան, որոնք հայկական ուժերի ծրագրավորված գործողությունների արդյունքում պետք է հերթով ընկնեն հայերի ձեռքը: Հայկական ռադիոն, իհարկե, ավելի շատ խոսում է թշնամու գրոհների եւ մերոնց հակահարվածների մասին՝ հասկանալի պատճառներով, սակայն, ուշադիր ունկնդիրն արդեն այն ժամանակ հիմնականում հասկանում էր, թե ո՛ր դեպքերում իրոք կասեցվել են թշնամու գրոհները, իսկ ո՛ր դեպքերում այդ հաղորդագրություններում քողարկված են հայակական ուժերի հաջող հարձակվողական գործողությունները: Օրեցօր հետեւելով մեր ժամանակագրությանը, դուք որոշ ժամանակ անց կստանաք ամբողջական պատկերացումը այդ օրերի ռազմական իրադրության մասին:

Օգոստոսի 7-ից մեկնարկում է Ֆիզուլիի գործողությունը, որն ավարտին է հասցվում կարճ ժամկետում՝ մոտ 10 օրում:

1993 օգոստոսի 7

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ գիշերային հրետենային նախապատրաստությունից հետո ամսի 7-ի գիշերը ադրբեջանցիներն անցել են գրոհի Մարտակերտի, Աղդամի եւ Հադրութի ուղղություններով: Առանձին հատվածներում թշնամին կարողացել է ապահովել որոշ առաջխաղացում: Ներկայումս թեժ մարտեր են տեղի ունենում Հադրութի եւ Աղդամի ճակատներում: Բոլոր գրոհները կասեցվում են: Ինքնաթիռներից ռմբակոծվել են Հադրութի Խծաբերդ եւ Էդիլու, ու Մարտունու Կամիր Շուկա գյուղերը:

1993 օգոստոսի 8

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ ադրբեջանական բանակի գրոհը կասեցվել է, եւ թշնամին հետ է մեղվել դեպի Ֆիզուլիի ռազմակետեր: Դիրքային մարտեր:

1993 օգոստոսի 9-10

Հայաստանի ռադիոն հաղորդում է, որ երեկ շարունակվում էին թշնամու գրոհները Հադրութի ճակատում, նաեւ Աղդամի հարավ-արեւելքում: Բոլոր գրոները հետ են մղվել: Խփվել է 2 տանկ: Այսօր առավոտյան հրետանային նախապատրաստությունից հետո թշնամին գրոհել է Մարտունի շրջկենտրոնի ուղղությամբ: Կարճ, բայց կատաղի մարտերից հետո, թշնամին ետ է մղվել, եւ դիմել փախուստի:

Շարքի նախորդ նյութերը`1, , 3, 4, 5, 6, 7 , 8, 9 , 10 , 11

Նախորդ հոդվածը‘Աշխարհի ամենահարուստ կանանցից մեկը՝ Օփրա Ուինֆրին, Շվեյցարիայում ռասիզմի «զոհ» է դարձել’
Հաջորդ հոդվածը‘Ալիկ Սարգսյանն ու Իսպանիայում շուռ եկած գնացքը’