‘Արցախում եւ Հայաստանում ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն. Ա1+’

1229

Արցախում եւ Հայաստանում հեռահաղորդակցության օպերատորների կողմից մատուցվող ռոումինգի ծառայությունների սակագները կնվազեն։

Այդ մասին «Ա1+»-ի փոխանցմամբ ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ այսօր կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցերին:

Նա նշել է, որ Արցախում ծառայություն մատուցող միակ ընկերության հետ բանակցություններ իրականացվել են։

Ըստ Բաղրամյանի՝ նվազելու են ոչ միայն ռոումինգ ծառայության, այլեւ փոխկապակցման գները, իսկ սակագների նվազեցման գործում մինչ այսօր պետությունը բանակցելու իր մասն ուներ․

«Նաեւ պետք է լիներ օպերատորների որոշակի կամք, որովհետեւ այս ոլորտում կա նաեւ մրցակցային շուկա»,- ասել է Բաղրամյանը։

Իր հերթին հայտարարությամբ է հանդես եկել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը՝  ողջունելով Արցախում ռոումինգի սակագներն իջեցնելու նախաձեռնությունը:

«ՎիվաՍել-ՄՏՍ-ը ողջունում է Արցախում ռոումինգի սակագները իջեցնելու նախաձեռնությունը, միաժամանակ հիշեցնում, որ ընկերությունն արդեն տեւական ժամանակ, իր բաժանորդներին տրամադրում է այն սակագները, որոնք մրցակից օպերատորները նվազեցրել եւ սկսել են տրամադրել ընթացիկ տարվա օգոստոսի մեկից: Մասնավորապես, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար ելքային զանգի մեկ րոպեի սակագինը եղել է 38, մուտքայինը՝ 25, իսկ կարճ հաղորդագրության սակագինը` (SMS) 40 դրամ: Գործող բոլոր 3 օպերատորներն, այժմ արդեն, Արցախում տրամադրում են ռոումինգի նույն  սակագները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարեւոր է համարում Արցախում ռոումինգի սակագների շարունակական նվազեցումն ապահովելու գործընթացը: Դրա վկայությունն է նաեւ այն, որ Արցախում ռոումիգում գտնվող՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները, հնարավորություն ունեն ՀՀ ցանկացած բնակավայր զանգահարելու «Զանգ Հայաստան» ծառայության միջոցով՝ ընդամենը 25 դրամ/րոպե սակագնով՝ յուրաքանչյուր զանգից առաջ հավաքելով *101*հեռախոսահամար#:

Այսինքն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար Արցախում  գործում է 25/25 դրամ/րոպե սիմետրիկ սակագինը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի «Վոյաժ» ծառայությունը եւս նոր հնարավորություն է բաժանորդի համար. օրական ֆիքսված 500 դրամով Արցախում ռոումինգում գտնվող բաժանորդին առաջարկվում է մինչեւ 50 ՄԲ ինտերնետ եւ դեպի ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանց 50SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն»,- ասված է հայտարարության տեքստում:

 

Նախորդ հոդվածը‘Դոնբասում իրավիճակը լարվել է’
Հաջորդ հոդվածը‘Փաշինյան. Նպատակը՝ Հայաստանում եւ Արցախում միասնական գնային համակարգ ունենալն է’