‘Արցախում նոր գյուղ կստեղծվի’

881

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը հունվարի 28-ի նիստում հավանություն է տվել «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագծին:

Ինչպես հաղորդում է ԼՂՀ կառավարության կայքը, ըստ այդ օրենքի փոփոխության` առաջարկվում է Հադրութի շրջանի Առաջամուղ համայնքի վարչական տարածքում ձևավորել նոր գյուղ՝ Արաքսավան անվամբ: Փաստացի ձևավորված բնակավայրում ապրում է 8 ընտանիք՝ 29 բնակչի ընդգրկմամբ:

Արցախի կառավարության հանձնարարությամբ ԼՂՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից աշխատանքներ են իրականացվել բնակավայրի նախնական սահմանները ճշգրտելու ուղղությամբ, որը նույնպես օրենսդրական համապատասխան նախագծի տեսքով կներկայացվի քննարկման։

Կառավարության որոշմամբ հաստատվել է նաև  ԼՂՀ 2014 թ. պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող կապիտալ ներդրումների պետական պատվերի ծրագիրը: Դրանով նախատեսվում է 11,2 մլրդ դրամ կապիտալ շինարարություն կատարել տարբեր ոլորտներում: ԼՂՀ գործադիրը հաստատել է կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը, որով նախատեսված են 171 միջոցառում: 

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը՝ սուպեր-հերոսի կերպարով’
Հաջորդ հոդվածը‘Արամ Ղարաբեկյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր’