‘Արցախում չկան ընդդիմադիր թերթեր, իրավապաշտպաններ, անկախ փաստաբաններ. «Հրապարակ»’

2789

«Հրապարակը» «անդրադառնում է Արցախի ժողովրդի կյանքի իրողություններին, որոնց թե Հայաստանում, թե Արցախում մեծ զգուշավորությամբ են անդրադառնում»: Ներկայացնում ենք հատված հոդվածից.

ԼՂՀ-ում տոները միանման են անցնում: Շուշիի գրավման օրը կլինի, թե Վազգեն Սարգսյանի ծնունդը, թե ԼՂՀ անկախության օրը: Ստեփանակերտում պաշտոնական արարողություններ են, զոհվածների շիրիմներին ծաղկեպսակներով այցեր, համերգային ծրագիր: Այս անգամ էլ՝ սեպտեմբերի 2-ին, ամեն ինչ նույնն էր: Անկախությունը  հռչակած, բայց անգամ իր հարազատ Հայաստանի կողմից պաշտոնապես չճանաչված Արցախի մայրաքաղաքում միայն շնորհավորական խոսքեր էին հնչում, ուղերձներ էին բարձրաձայնվում կայացած պետականության, հարևան Ադրբեջանից ավելի զարգացած դեմոկրատիա և զարգացող տնտեսություն ունենալու մասին: Բայց այսօր սեպտեմբերի 5-ն է, և կարելի է անդրադառնալ Արցախի ժողովրդի կյանքի իրողություններին, որոնց թե Հայաստանում, թե Արցախում մեծ զգուշավորությամբ են անդրադառնում: Կիսապատերազմական այս երկրամասում չկան ընդդիմադիր թերթեր, քաղաքացիական պայքարի բովում թրծված իրավապաշտպաններ, անկախ փաստաբաններ: Շուշվա բերդի աշխատողները կարող են մարդ ծեծել դատարանի դահլիճում, իսկ դատավորն իրեն չտեսնելու դնի: Այդ բերդի դատապարտյալները երազել անգամ չեն կարող, որ իրենց մոտ լրագրող կգա: Շուշվա բերդը մինչ օրս ոստիկանության ենթակայության տակ է, թեև այստեղ սկսել են մտածել ավելի քաղաքակիրթ համակարգի անցնելու և կալանավայրն արդարադատության համակարգին փոխանցելու մասին:

Կառավարության իշխանությունը ԼՂՀ-ում անսահման է: Վերջերս այնտեղ գտնվելով՝ 24-25 տարեկան երիտասարդների հետ զրույցներից իմացա, որ ԼՂՀ կառավարությունը հարմար պայմաններով հիպոթեքային վարկավորում է սկսել երիտասարդ ընտանիքների համար: «Ես դիմել եմ, ինձ ասացին, որ դեռ պետք է կառավարությունից գան, իրենց բաժինը վերցնեն ու նոր մնացածը բաժանեն»,- ասաց մեր զրուցակիցը, որը Շուշի քաղաքում է ապրում: Շուշիի մեկ այլ բնակիչ էլ՝ Սիփան Պետրոսյանը, որը նորածին երեխա ունի, անցյալ ամիս իր ոտքով էր եկել խմբագրություն՝ բողոքելով, որ կառավարությունը մերժում է նրան ներգրավել այս ծրագրում, որևէ պատասխան նրա գրավոր հարցումներին չի տալիս, թեև օրենքով սահմանված ժամկետներն անցել են:

«Անհրաժեշտ եմ համարում հիշեցնել Ձեզ այն մասին, որ մինչ խնդրով անհանգստացած մարդիկ հողատարածք են որոնում, Շուշիում բազմաթիվ ամայի հողատարածքներ կան, որոնք պատկանում են որոշ պաշտոնյա այրերի և անհատ օլիգարխների: Որոնց անուն-ազգանուններն ու նրանց սեփականություն հանդիսացող հողատարածքի մակերեսի չափերը օրենքով սահմանված կարգով սույն թվականի մայիսի 20-ի N1/104 դիմումով խնդրել եմ հրապարակել, սակայն Շուշիի քաղաքապետարանի կողմից գրավոր կերպով ստացել եմ մերժողական ու խիստ անհիմն պատասխան,- գրում է արցախցի լրագրող Ռուզաննա Ծատրյանը նախագահ Բակո Սահակյանին ուղղված բաց նամակում։-  Ստեղծված ծայրահեղ աստիճանի հիասթափեցնող ու ժողովրդի մոտ պետության և տիրող կարգերի հանդեպ խիստ բացասական կարծիք ձևավորող իրավիճակը լիովին թույլ է տալիս մտածել, որ արցախցին չգրված օրենքով իրավունք չունի հող ունենալ իր ազատագրած հողում»: Այն փաստը, որ լրագրողը ոչ թե հոդված է գրում, այլ բաց նամակ, ինքնին խոսում է ԼՂՀ-ում մամուլի վիճակի մասին:

Հասարակ մարդիկ ավելի հազվադեպ են ձայն բարձրացնում անօրինականությունների դեմ: Այգեստան գյուղի բնակչուհի Անահիտ Առուշանյանը հայտնել էր «Ապառաժ» կայքին, որ Առուշանյանների համար, որպես զոհված ազատամարտիկի ընտանիքի, կառավարությունը տուն էր կառուցել խայտառակ թերություններով: Առաստաղից երեխայի գլխին ջուր էր կաթում, կոյուղի և տարրական հարմարություններ չկային: Արդյունքը եղավ այն, որ «Ապառաժ» կայքից այս նյութը պարզապես հանվեց, իսկ Առուշանյաններին կառավարության մարդիկ ուղղակի ստիպեցին թուղթ ստորագրել, որ իրականում ոչ մի բողոք չունեն:

Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘ՕԵԿ-ը դադարել է կուսակցություն լինել. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Երկար ընդմիջումից հետո Սարգսյան-Ալիև հանդիպում է տեղի ունենում ԱՄՆ նախաձեռնությամբ. «Ժողովուրդ»’