Արցախ․ Ադրբեջանցիները պարբերաբար կրակել են մի քանի գյուղերի ուղղությամբ, խաղաղ բնակիչ է վիրավորվել

713

Արցախի ՊԲ-ն հայտնում է, որ երեկ՝ մարտի 9֊ին օրվա ընթացքում, այնուհետև ողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների, ինչպես նաև ականանետերի կիրառմամբ, պարբերաբար խախտել են հրադադարը։ Մասնավորապես՝ մարտի 9-ին, ժամը 14։00֊14։30 ի սահմաններում ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ արձակվել է 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական, իսկ ժամը 15։50֊ից մինչև մարտի 10֊ի ժամը 05։40֊ը ընկած ժամանակահատվածում հակառակորդը 15 անգամ 60 մմ տրամաչափի ականանետ է կիրառել արևելյան ուղղությամբ՝ Խրամորթ գյուղի հարակից տարածքի վրա արձակելով ընդհանուր առմամբ 23 հատ ական։

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի կոպիտ խախտումների վերաբերյալ տեղեկացվել է Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմը։

«Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը՝ անդրադառնալով տելեգրամյան որոշ ալիքների կողմից տարածված տեղեկատվությանը, որ թշնամին Խրամորթի ուղղությամբ ռազմական ուժեր է կուտակել,  նշել է․ «Որոշ շարժեր նկատվել են առաջնագծում, բայց էական կուտակումներ այս պահի դրությամբ տեսանելի չեն: Պաշտպանության բանակը, բնականաբար, հետևում է օպերատիվ իրավիճակին, ձեռք է առնում նախազգուշական միջոցներ և, ըստ կարիքի, ավելի մանրամասն տեղեկատվություն կտա պաշտպանության նախարարությունը»:

«Ինչ վերաբերում է տարհանման մասին լուրերին, ապա կազմակերպված տարհանում չի իրականացվել, այդ մասին լուրերը սխալ են: Այո, որոշ ընտանիքներ սեփական նախաձեռնությամբ իրենց երեխաներին գյուղից ժամանակավոր դուրս են տարել, բայց բնակիչներն այս պահին իրենց տներում են, գյուղը շարունակում է ապրել»,- ասել է վարչակազմի ղեկավարը՝ հավելելով, որ Խրամորթի բնակչության անվտանգությունն ապահովելու համար իրականացվել են լրացուցիչ աշխատանքներ, այդ թվում` ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից, և գործադրվում են բոլոր ջանքերը խնդրին խաղաղ ճանապարհով հանգուցալուծում տալու համար:

Արցախի Ոստիկանությունն էլ հայտնում է, որ այսօր, ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից ականանետի արձակված կրակոցից՝ մեջքի շրջանում վիրավորում է ստացել:

Ականը պայթել է տան բակում:

Վերջինս շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Արցախի Առողջապահության նախարարության փոխանցմամբ,  Բաղդասարյանը տեղափոխվել է ԱՀ առողջապահության նախարարության Ասկերանի շրջանային բուժմիավորում:

Վիրավորի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, այնուհետև հետագա հետազոտության նպատակով տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն:

Վիրավորվածի մոտ առկա է գոտկային շրջանի կույր բեկորային վիրավորում:

Բժիշկները վիրավորի վիճակը գնահատում են բավարար:

Հայտարարությամբ է հանդես եկել նաեւ Արցախի Անվտանգության խորհուրդը, որտեղ մասնավորապես նշված է․

«Վերջին օրերին արցախա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի ակտիվ ագրեսիվ պահվածքը դրսևորվել է ԱՀ Պաշտպանության բանակի՝ տարբեր բնակավայրերին կից տեղակայված դիրքերի հրաձգային զինատեսակներով գնդակոծություններով։

Այդօրինակ զինված սադրանքներին արդեն ավելացել է նաև ականանետերի կիրառումը։

Շեշտում ենք, որ հրադադարի խախտման թշնամական գործողությունների թիրախ է ընտրված խաղաղ բնակչությունը՝ նպատակ ունենալով առաջացնել խուճապ։

Սադրանքների հետագա զարգացումները կասեցնելու նպատակով Անվտանգության խորհրդի գրասենյակը համագործակցում է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հետ։ Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցներ՝ հակառակորդին ստիպելու հավատարիմ մնալ կրակի դադարեցման պայմանավորվածություններին։

Միևնույն ժամանակ, ադրբեջանական տեղեկատվական հարթակներում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն՝ Արցախից ՌԴ խաղաղապահ զորակազմն իր ուժերի մի մասը դուրս է բերում Ուկրաինա տեղափոխելու նպատակով, չի համապատասխանում իրականությանը: Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմը շարունակում է իրականացնել իր առաքելությունը՝ համաձայն 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների:

Հորդորում ենք բնակչությանը՝ զերծ մնալ խուճապային տրամադրություններից։ Իրավիճակը լիարժեք վերահսկվում է Արցախի Հանրապետության իշխանությունների և ՌԴ խաղաղապահ զորակազմի կողմից»։

Նախորդ հոդվածըՋոկովիչը չի ստացել ԱՄՆ-ի մուտքի վիզա եւ բաց կթողնի 2 մրցաշար
Հաջորդ հոդվածըՈւՖԱ-ն պահանջել է զրկել «Զենիթի»՝ ուկրաինացի մարզիչ Անատոլի Տիմոշչուկին մարզչական արտոնագրից և պետական ​​մրցանակներից