‘«Արևորդի» 4 միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում տեղի ունեցավ Կենդանիների դիմակահանդես-շքերթ’

883

Արդեն 4-րդ անգամ իրականացվող դիմակահանդես-շքերթին մասնակցում էին Երևանի և Հայաստանի 6 մարզերի (Արմավիր, Գեղարքունիք, Արարատ, Տավուշ, Կոտայք, Լոռի) շուրջ 500 պատանիներ, ովքեր թափոններից պատրաստված կենդանիների դիմակներով և զգեստներով շքերթով անցան Երևանի փողոցներով` մայրաքաղաքը լցնելով վայրի բնության շնչով: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս երթը գլխավորում էր Գերմանիայի Բրեմեն քաղաքից ժամանած «Կոնֆուսաո» խումբը: Մատենադարանի հարակից հարթակից մեկնարկած շքերթն ամփոփվեց Հյուսիսային պողոտայում`բացօթյա համերգով:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվող դիմակահանդես-շքերթը կոչված է բարձրաձայնելու կենդանիների իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների մասին, հատկապես այն կենդանատեսակների, որոնք վտանգված են կամ գտնվում են անհետացման եզրին: Շքերթը նաև յուրօրինակ մրցույթ է: Մասնակից 25 խմբերը (որից 7-ը` երաժշտական) մրցում են 3 անվանակարգերում` լավագույն բնապահպանական զգեստ, լավագույն ստեղծագործական լուծում, լավագույն երաժշտական խումբ: Մրցույթի արդյունքները կամփոփվեն 2014 թ. փետրվարին: Թափոններին երկրորդ կյանք տված 18 խմբերն այս տարի ներկայացնում էին 14 տարբեր կենդանատեսականեր:

Արդեն ավանդական դարձած շքերթն իրականացնում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը`(FPWC) գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ: Լինելով սոցիալապես պատասխանատու ընկերություն` ՎիվաՍել–ՄՏՍ-ը շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված հանրային իրազեկումը համարում է իր առաքելության մի մասը: Ընկերությունը մշատապես աջակցում և իր մասնակցությունն է ցուցաբերում FPWC-ի նախաձեռնություններին: 

Նախորդ հոդվածը‘Հայաստանում էներգակիրների գների աճը հանգեցրել է տնտեսության աճի տեմպերի դանդաղմանը ‘
Հաջորդ հոդվածը‘Կենտրոնում ջուր չի լինի’