Աֆղանական հեռուստատեսությունում շուտով կանայք չեն լինի

529

Աֆղանական հեռուստաալիքներին արգելվել է ցուցադրել ֆիլմեր և սերիալներ, որոնցում կանայք են խաղում։ Եթերից պետք է հանվեն նաև շարիաթին հակասող ֆիլմերը և զվարճալի հաղորդումները, որոնք վիրավորում են հավատացյալների զգացմունքները և քարոզում «օտար մշակութային արժեքներ»։

Այսպիսին է սեպտեմբերի կեսերին Կանանց գործերով նախարարության փոխարեն ստեղծված Բարոյականության և արատները կանխելու քարոզչության նախարարության վերջին հրահանգը։ Լրագրող կանանց և հաղորդավարուհիներին հանձնարարվում է եթեր դուրս գալ միայն գլուխը ծածկված։

Մեկնաբանները նշում են, որ Բարոյականության և արատների կանխման քարոզչության նախարարությունն առաջին անգամ է միջամտում ԶԼՄ-ների գործունեությանը։ Երեքշաբթի հրապարակվել է աղֆանացի լրագրողների և ՀԿ-ների հայտարարությունը, որը պաշտպանել է Human Rights Watch-ը, և որում նշվում է, որ ակնհայտն է բոլոր նրանց «լռեցնելու» փորձը, ովքեր քննադատում են կամ ազատ արտահայտվում այն ամենի մասին, ինչ կատարվում է Աֆղանստանում։

Ու թեպետ թալիբների կառավարությունը հերքում է գրաքննության մեղադրանքները, վերջերս վարչապետին կից Մամուլի վարչության ղեկավար նշանակված Կարի Աբդուլ Սաթար Սաեդը հայտարարել է, թե հենց ԶԼՄ-ներն են դարձել «թշնամական քարոզչության օջախներ»։ «Դա ներել կամ հանդուրժել հնարավոր չէ,- Twitter-ում գրել է նա։- Թշնամու հետ պետք է այնպես վարվել, ինչպես նա արժանի է՝ կոշտ»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըCovid-19․ ԱՀԿ-ն վախենում է Եվրոպայի համար
Հաջորդ հոդվածըՊայթյուն Սերբիայում, զինամթերքի գործարանում