‘Աֆրիկյան առաջնորդներից ոչ մեկը դարձյալ չի արժանացել աշխարհի ամենախոշոր մրցանակին’

963

Աֆրիկյան երկրների՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդների թվում դարձյալ չեն գտնվել աշխարհում ամենախոշոր՝ Մո Իբրահիմի մրցանակի հավակնորդներ, հաղորդում է BBC News-ը: Այդ մրցանակը տրվում է այն առաջնորդին, ով բարելավել է իր երկրի բնակչության կենսամակարդակը, ապա կամավոր կերպով լքել է  պաշտոնը: Հանձնաժողովի անդամ Սալիմ Ահմեդ Սալիմը պարզաբանել է, որ այս տարի թեկնածուներից ոչ մեկը չի համապատասխանել բոլոր պահանջներին: Միևնույն ժամանակ հանձնաժողովը մեկ միլիոն դոլար մրցանակ է հանձնել Քեյփթաունյան արքեպիսկոպոս Դեսմոնդ Տուտուին՝ «իշխանություններին ճշմարտությունն ասելու համար»: Հանձնաժողովն ընդգծել է նրա պայքարը հանուն արդարության, ազատության և ժողովրդավարության:

2009 և 2010 թթ. ևս Իբրահիմի մրցանակի արժանի թեկնածուներ չեն եղել, իսկ 2011 թ. մրցանակը տրվել է Կաբո-Վերդեի նախագահ Վերոնա Պիրեշին՝ պորտուգալական գաղութատիրության դեմ պայքարի, երկրում բազմակուսակցական համակարգ մտցնելու և կենսամակարդակը բարձրացնելու համար:

Սուդանյան ծագմամբ բրիտանացի գործարար Մո Իբրահիմը մրցանակներ է սահմանել աֆրիկյան երկրների համար, որպեսզի դրանց ղեկավարները չկառչեն իշխանությանը: Նրա կարծիքով՝ շատերը վախենում են հրաժարվել իշխանությունից, քանի որ հաճախ դա նշանակում է կորցնել ունեցվածքը:

Լուսանկարում՝ Մո Իբրահիմ

Նախորդ հոդվածը‘«Ռեալը» լուրջ կադրային կորուստներ է կրում’
Հաջորդ հոդվածը‘Ալոնսոն համաձայն չէ Չավիի հետ’