‘Ա. Մանուկյան. Ինչո՞ւ է Հայռուսգազարդի 20%-ի փայատեր Կառավարությունը փոխհատուցում 100-ի դիմաց. Տեսանյութ’

1217

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գազի գնի ձեւավորման եւ «Հայռուսգազարդի» վերջին 20 տոկոսը վաճառելու վերաբերյալ չորս հարցադրում ներկայացրեց կառավարությանը:

Նա նշեց, որ «Հայռուսգազարդի» պարտքը 2012-ին պաշտոնական տվյալներով 64,9 միլիարդ դրամ էր:

«20 տոկոս մասնաբաժնի վաճառքի պահին հայտարարել եք, որ պարտքը 63 միլիարդ է: Խնդրում եմ բացատրել՝ ո՞ւր է կորել երկու միլիարդ դրամը: Երկրորդ հարցը՝ գազի վերջին թանկացման մասին պայմանագիրը կնքվել է 2013-ի ապրիլին: Որքա՞ն է այս ընթացքում ձեւավորած պարտքը, եւ ով է  վճարելու այն», — ասաց Մանուկյանը:

Նրա հաջորդ հարցը վերաբերում էր Հայռուսգազարդի վաճառքի գնին: Արամ Մանուկյանը նշեց, որ 20 տոկոս մասնաբաժինը, հեղինակավոր մասնագետների գնահատմամբ, արժե 240-260 միլիոն դրամ: Այնինչ, ռուսական կողմին վաճառվել է 155 միլիոն դոլարով: Ո՞ վ եւ ի՞նչ չափանիշներով է սահմանել այս արժեքը, հարցրեց պատգամավորը:

Բացի դրանից, նա նշեց որ  «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ն կուտակել է 65 միլիարդ դրամի պարտք: Հայաստանի կառավարությունը մինչեւ վերջին գործարքը 20 տոկոս մասնաբաժին ուներ: «ՓԲԸ-ների բաժնետերերը, ըստ իրենց ունեցած բաժնեմասերի, ստանում են օգուտներ եւ կրում վնասներ: Ինչո՞ւ է 20 տոկոսի սեփականատեր ՀՀ կառավարությունը 100 % -ով վճարում գոյացած պարտքի դիմաց: Ինչո՞ւ եք դուք հանրության սեփականությունը վաճառում այն դեպքում, երբ ՀՀ բոլոր քաղաքացիները գազի դիմաց պարտաճանաչ վճարում են», — հարցադրեց պատգամավորը:  

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ի պատասխան հարցի նշեց միայն, որ 2011-ից մինչ օրս ռուսական կողմի հետ ընթացած բանակցությունների արդյունքում գազի գին է սահմանվել սահմանի վրա $189, Ռուսաստանը վերացրել է 30 տոկոս մաքսատուրքը, որը հինգ տարիների համար կազմելու է 800 միլիոն դոլար: «2013-18թթ. Ռուսաստանի վրա գազի այս բեռը կնստի 1,1 միլիարդ դոլար: Հիմա՝ մենք 155 միլիոն քեշ փողով ծածկել ենք եղած պարտքը», — նշեց նախարարը:

Հիշեցնենք նաեւ, որ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ «Հայռուսգազարդի» վաճառքի արդյունքում գազը թեեւ առաջիկա հինգ տարիներին չի թանկանալու, բայց նաեւ՝ չի էժանանալու:

Նախորդ հոդվածը‘Մոր կոճակ կտրող, աչքի սուրմա թռցնող’
Հաջորդ հոդվածը‘Սկանդալ. Սերժ Սարգսյանը Վիլնյուսում սխալ տեքստ է կարդացե՞լ ‘