‘Ա.Մանուկյան. Մենք որեւէ խնդիր չունենք ճշմարտության հետ’

1060

Ազգային ժողովում Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի քննարկումների ժամանակ հանրապետական պատգամավորները պարբերաբար փորձում էին ակնարկել Մարտի 1-ի հարցում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ընդդիմության հնարավոր պատասխանատվության մասին: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն իր ելույթում հայտարարեց. «Խնդիր չկա, բերեք` դատեք Լեւոն Տեր-Պետրոսյանին»:

«Հայտարարեցի, որպեսզի հիմնավորեմ, որ մենք որեւէ խնդիր չունենք ճշմարտության հետ», — նիստից հետո iLur.am-ի հետ զրույցում մանրամասնեց Արամ Մանուկյանը:

Նրա խոսքով, 15 տարի է` Լեւոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո իշխանությունն ամեն կերպ փորձում է վարկաբեկել առաջին նախագահի անունը, բայց ոչ մի ռեալ փաստ, ոչ մի կոնկրետ մեղադրանք չի կարողացել ներկայացնել: «Միշտ ասել ենք՝ մուրճն էլ է ձեր ձեռքին, մեխն էլ, դուք էլ մեզ համարում եք ձեր հակառակորդները, պոտենցիալ իշխանափոխություն իրականացնողները: Ի՞նչն է խանգարում բացահայտել, հասարակությանը ներկայացնել ՀԱԿ-ի, ՀՀՇ-ի, Լեւոն Տեր-Պետրոսյանի արած «վատ բաները»: Արեք, ձեզ ո՞վ է խանգարում: Արեք, որ մենք խեղճանանք: Բայց չեք անում շատ պարզ պատճառով. որովհետեւ չկա այդպիսի փաստ: Տեր-Պետրոսյանը մի անգամ շատ դիպուկ նկատեց` եթե մեզնից մեկը ժամանակին 100 դոլարի խախտում թույլ տված լիներ, հիմա մատնացույց արած կլինեին, դատած կլինեին: Չկա՛, փաստ չկա: Իսկ մեր փաստերը կոնկրետ են, թվերով հիմնավորված, որին ի պատասխան ոչ մի բան չենք լսում: Մենք ուժեղ ենք հիմա, որովհետեւ խոսում ենք թվերով: Իսկ իրենք խոսում են ընդամենը մեկնաբանություններով», — ասաց պարոն Մանուկյանը: 

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն. Սումգայիթյան կոտորածը Ադրբեջանի հայության բռնագաղթի առաջին արարն էր’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Չպետք է ասել, թե մի անգամ ստեղծել ենք հանձնաժողով, էլ չստեղծենք. Տեսանյութ’