‘Ա. Մանուկյան. Սպանությունների բացահայտված չլինելը չի խանգարում փոխհատուցմանը’

1626

Մարտի 1-ի սպանությունների բացահայտված չլինելը չի խանգարում փոխհատուցում տրամադրել զոհերի ընտանիքներին, iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախագծի վերաբերյալ քննարկումների ընթացքում ԱԺ մի շարք, այդ թվում` իշխանական պատգամավորներ այսօր առաջարկում էին զոհերի իրավահաջորդներին փոխհատուցում տրամադրել:

Արամ Մանուկյանը հիշեցրեց, որ Կոնգրեսը արդեն մեկ տարուց ավելի ջանում է խորհրդարանում վավերացնել 2003-ից ի վեր օրակարգում գտնվող` «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին եվրոպական կոնվենցիան»: Այն չբացահայտված հանգամանքներում զոհված կամ առողջությունը կորցրած մարդկանց կամ նրանց հարազտներևին փոխհատուցում է նախատեսում անգամ այն դեպքում, երբ պետությունները չեն կարողանում բացահայտել վնասը հասցնելու հանգամանքները:

«Դա բարոյական, մարդասիրական մոտեցում է, եւ, ի դեպ, վերաբերում է նաեւ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողներին, — նշեց պատգամավորը: —  Բայց արի ու տես, որ իշխանությունները մերժեցին նաեւ այս կոնվենցիան՝ նախորդ քառօրյային հանելով այն օրակարգից: 2003-ից ի վեր Կոնվենցիայի վավերացման հարցը ԱԺ-օրակարգում է եղել, եւ վերջապես, այսքան ժամանակ քվեարկությունը ձգձգելուց հետո իշխանությունները հանեցին այն օրակարգից: Սա ինչ-որ առումով նշանակում է, որ նրանք ձեռնոց են նետում միջազգային իրավունքին»:

Արամ Մանուկյանը նշեց նաեւ, որ Մարտի 1-ի հետ կապված Կոնգրեսի խնդիրը միայն փոխհատուցման հարցը չէ: Պատգամավորի խոսքով, հանցագործներին պատժելն առաջին հերթին արդարադատության մթնոլորտը պահելու նպատակ ունի:

«Այսինքն, մեր խնդիրը վերաբերում է ոչ միայն Մարտի 1-ի զոհերին, այլեւ ամբողջ բնակչությանը: Դու պետք է ստեղծես մի միջավայր, որտեղ հանցագործը պատժվում է, իսկ տուժողը բարոյական, նյութական փոխհատուցում է ստանում: Եթե դու չես ստեղծում այդ միջավայրը, ապա հակառակը՝ ստեղծում ես անարդարության միջավայր, որտեղից մարդը ձգտում է փախչել»:

Նախորդ հոդվածը‘ Փորձագետ. Ադրբեջանցիները մեծ աշխատանք են կատարել, և դա դպրոցական հաքերների ձեռքի գործ չէ’
Հաջորդ հոդվածը‘Ըստ Կոստանյանի՝ մարտիմեկյան գործով աշխատանքներ տարվում են ‘