‘Ա.Մարտիրոսյան. Ս.Սարգսյանի ելույթը կտրուկ արագացրեց առկա քաղաքական գործընթացները ‘

2094

Սերժ Սարգսյանի ելույթը ՀՀԿ խորհրդի նիստում կտրուկ արագացրեց երկրում առկա քաղաքական գործընթացները և կարող է լուրջ փոփոխությունների պատճառ դառնալ:  Փետրվարի 13-ին կայացած մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Արմեն Մարտիրոսյանը:

Վերջինս ընդգծել է, որ Սարգսյանի շեշտադրումները չեն համապատասխանում ժողովրդավարական արժեքներին, որոնց մասին պարբերաբար հայտարարում է կառավարող կուսակցությունը:

«Եթե խոսելու լինենք իրավական կատեգորիաների և Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու մասին, ապա պետք է լուծարվի խորհրդարանը, քանի որ այս խորհրդարանի պատգամավորները ոչ միայն նիստերի չեն ներկայանում, այլև զբաղվում են ձեռներեցությամբ և ընտրվել են ընտրությունների կեղծման միջոցով: Բացի այդ, եթե իշխանությունները մինչ օրս թաքցրել են հարկերի չվճարումը, քրեական և այլ հանցագործությունները, որոնց համար մեղադրում են ԲՀԿ առաջնորդին, ապա իրենք այդ ամենի մասնակից են», — նշել է Մարտիրոսյանը:

Նրա համոզմամբ, իշխանությունների նման նյարդային պոռթկումները լինում են միայն այն ժամանակ, երբ նրանք վախենում են կորցնել իշխանությունը: Մարտիրոսյանը համոզված է, որ իշխանությունների այդ գործողություններն ավտորիտար և միակուսակցական ռեժիմի կայացմանն ուղղված քայլ են:

Նախորդ հոդվածը‘Մեկնարկել է Եռյակի առաջնորդների հանդիպումը ‘
Հաջորդ հոդվածը‘Այսպիսի խոստովանություններից հետո նախագահը անհապաղ պետք է հրաժարական տար. Հայկ Մարության’