‘Ա. Միլլեր. Հայաստանի գազաֆիկացման մակարդակը նախանձելի է ՌԴ շատ սուբյեկտների համար’

848

«Գազպրոմ» ԲԲԸ Վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերն այսօր Երևանում ընդլայնված  կազմով խորհրդակցություն  է անցկացրել՝  «Գազպրոմ» խմբի կազմում  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ինտեգրման գործընթացների հետ կապված: 

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ Ալեքսեյ Միլլերը նշել է, որ «Գազպրոմ Արմենիա»-ն հանդիսանում է լիիրավ դուստր ընկերություն «Գազպրոմ»-ի կազմում, այդ համատեքստում  կարևորելով  Ընկերության գործունեության ֆինանսատնտեսական, տեխնիկական պահանջներն ու  ստանդարտները «Գազպրոմ»-ի նորմատիվային բազային համապատասխանեցնելու անհրաժեշտությունը: Նա  միաժամանակ նշել է , որ անցած տարիների ընթացքում Ընկերության  արձանագրած  ցուցանիշները տեսանելի են, մասնավորապես  Հայաստանի գազաֆիկացիան խոշարագույն արդյունք է գրանցել՝ 2002 թվականի 21 տոկոսից 2014 թվականին հասնելով 96 տոկոսի:

«Գազաֆիկացիայի այս մակարդակը նախանձելի արդյունք է Ռուսաստանում շատ սուբյեկտների համար: Եվ ամենակարևորը, գազամատարարարման  և գազաֆիկացման ծրագրերը, որը մենք կարողացանք համատեղ  իրականացնել, առանցքային դեր ունեն երկրի սոցիալ-տնտեսական կայուն զարգացման համար»: Ա. Միլլերը ընդգծել է նաև վերջին տասը տարիների ընթացքում համատեղ իրականացված ծրագրերը, որոնց արդյունքներն առկա են՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկ, Իրան-Հայաստան գազատար: Խոսելով հետագա աշխատանքների ու  ծրագրերի մասին, Ա. Միլլերը նշել է, որ «Գազպրոմ»-ը ծրագրում է զգալիորեն բարձրացնել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գործունեության արդյունավետությունը և Ընկերության առջև դրված նպատակներն ու խնդիրները պետք է լինեն բավականին ամբիցիոզ:

 

Նախորդ հոդվածը‘Արթուր Աբրահամ. Ամեն ինչ կանեմ չեմպիոնական գոտին վերանվաճելու համար’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյան. Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունն ընթացքի մեջ է’