‘Ա. Սաքունց. ԵԽ կոնֆերանսի ժամանակ կբարձրացվի Տիգրան Առաքելյանի հարցը’

484

Հոկտեմբերի 20-22 Եվրոպայի խորհրդի կոնֆերանսն է, եւ հաշվի առնելով այն բանը, որ ՀՀ-ն հանդիսանում է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահողը եւ պետք է հաշվետվություն ներկայացնի՝ ինչպես է եղել նախագահությունը, ինչ խնդիրներ են լուծել եւ այլն, այդ կոնֆերանսի ժամանակ անխուսափելի է, որ պետք է բարձրացվի Տիգրան Առաքելյանի հարցը, ես դա գոնե գիտեմ», — ԳԱԼԱ-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստների դատավարությանը եւ Տիգրան Առաքելյանին կալանքի տակ պահելու փաստին՝ ասել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի համակարգող Արթուր Սաքունցը:

Նա նշել է նաեւ, որ ԵԽ ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում տեղեկացել է, որ ուղարկված նամակները հասել են համապատասխան հասցեատերերին: «Այստեղ՝ Հայաստանում կլինի Եվրոպայի խորհրդի նախագահը, ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը, որոնք Առաքելյանի վերաբերյալ մեր հարցադրումները առաջադրելու են ՀՀ իշխանություններին: Ուստի այս համաներումը ոչ թե իրավական պրոցեդուրա է, այլ ունի քաղաքական հիմնավորում»,-ասել է իրավապաշտպանը:

Սաքունցի կարծիքով՝ նախորդ համաներումները նույնպես ունեին քաղաքական դրդապատճառներ, եւ Հայաստանում առհասարակ այդպես է: Նաեւ, ըստ նրա, խնդիրն այն է, որ նման համաներումը իշխանության բարեհաճության մասին է խոսում եւ որեւէ կապ չունի արդարադատության զարգացման եւ իրականացման հետ: «Սա պարզապես վամպիրի բարեհաճությունն է իր զոհերի նկատմամբ, որոնց տալիս է կարճաժամկետ կյանքի իրավունք», — նշել է նա::

Նա համոզված է, ոչ շատ կարճ ժամկետներում այն 1000-1200 մարդկանց փոխարեն, որոնք կհայտնվեն ազատության մեջ, կարճ ժամանակում նորերը բանտ կգնան: «Հայաստանում կշարունակվեն մեղադրանքները, որպես խափանման միջոց կալանքը կիրառելու պրակտիկան, որը կարճ ժամկետում՝ 4-5 օրվա ընթացքում կլրացնեն թափուր տեղերը, եւ նորից կունենանք խրոնիկ գերբեռնվածություն, որին մենք ականատես ենք եղել նախորդ համաներումներից հետո», — նշել  է նա: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի փորձագետ. Իլհամ Ալիևի վերընտրվելուց հետո Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կմնա անփոփոխ’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ն Ադրբեջանի նախագահական ընտրությունները որակել է ազատ, արդար և թափանցիկ ‘