Ուղիղ տասը տարի առաջ Աղվան Հովսեփյանը վարում էր Շարժման ակտիվ մասնակիցների, մասնավորապես՝ «Ղարաբաղ» կոմիտեի գործերը։ Անգամ այն մարդիկ, ովքեր հունվարի 25-ին հրավիրվել են Վանո Սիրադեղյանին ձերբակալելու համար, նույն մարդիկ էին, ովքեր 1989թ. հունվարի 10-ին ձերբակալեցին «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին։ Բայց հայտնի է՝ երբ պատմությունը կրկնվում է, ապա միայն՝ որպես ֆարս։ Եւ ահա մենք ականատես ենք այդ ֆարսին։ Բայց ֆարսն ունի իր սցենարը։ Քարոզչական այն փսիխոզը, որ տիրում է այսօր հանրապետությունում, զուգակցվում է ահաբեկչությամբ։ Այս փսիխոզը նոր հնարք չէ։ Դա արվել է բոլոր պետություններում։ Դա արվել է մեզանում 1937 թվին եւ 1947-ին։ Իսկ ահաբեկչությունն ուղղված է քաղաքական ուժերի ղեկավարների դեմ՝ լռեցնելու համար նրանց ձայնը։
Եւ այսօր պաշտոնապես արձանագրենք՝ 1994թ. դեկտեմբերին սպանվեց Համբարձում Գալստյանը։ Դրանից հետո քաղաքական ահաբեկչության գործողություններ տեղի չեն ունեցել։ Բայց որոշ քաղաքական ուժեր այսօր հայտարարում են, որ դեռեւս այն ժամանակ ունեցել են ահաբեկչական գործողություններ կատարելու մտադրություն, չնայած նրանք կասեցրել էին իրենց գործունեությունն այդ ուղղությամբ։ Ահաբեկչական գործողություն էր նաեւ սեպտեմբերի 25-ը։ Դեռեւս 1998թ. հունիսին ես ասել եմ. «Գուցե պատահական չէ, որ այսօր Նախագահի աշխատակազմում պաշտոնները բաշխվել են հենց այն կուսակցությունների միջեւ, որոնք 1996-ին գրոհ էին կազմակերպել խորհրդարանի վրա»։ Հիշենք, թե որ կուսակցություններն էին դրանք՝ ԱԺՄ-ն, Դաշնակցությունը, Դեմոկրատական կուսակցությունը, ՍԻՄ-ը։ Այդ ուժերն են այսօր Նախագահի աշխատակազմում։ Այնուհետեւ Դաշնակցության ներկայացուցիչները հայտարարել են, թե նրանք մահափորձ էին պատրաստում Լեւոն Տեր-Պետրոսյանի դեմ՝ նրա ինքնաթիռը պայթեցնելու կամ ամառանոցում սպանելու ճանապարհով։ ԱԺՄ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում էին փետրվարի 12-ին կրկնել 1996թ. գործողությունները, այս անգամ Նախագահի աշխատակազմի նկատմամբ։ Մեջբերեմ մի հատված 1995թ. Հրանտ Խաչատրյանի կողմից ուղարկված եւ իր կողմից ստորագրված նամակից. «Առաջինը չեք, երկրորդն եք Համբարձում Գալստյանից հետո»։ Առաջինը չեք, երկրորդն եք Համբարձում Գալստյանից հետո… Ուրեմն կա այդպիսի ցուցակ։ Եւ ես համոզված եմ, որ այս դահլիճում նստածներից շատերը մտածում են՝ ո՞վ է հաջորդը։ Իսկ մի մասը մտածում է. «Արդյո՞ք իր անվան դիմաց արդեն դրված է խաչը»։
Զավեշտ է, ֆարս է։ Եկեք վերացնենք այս ֆարսը, որովհետեւ ես համոզված եմ, որ սա մեկ ակտանոց գործողություն չէ։ Եկեք վերջ տանք այս ակտին։ Եկեք ընդունենք պարոն Ռոբերտ Քոչարյանի վերջնագիրը, դեմ քվեարկենք այս միջնորդությանը։ Թող խորհրդարանը լուծարվի, եւ նա իրականացնի իր վերջնագիրը, բոլորս կզրկվենք պատգամավորական անձեռնմխելիությունից։ Մեզնից մի մասն անմիջապես կկալանավորվի։ Մենք կգնանք մեզ համար մեր բանտերը, մյուսները 40 օրվա ընթացքում կնշանակվեն պատգամավոր կամ այլ պաշտոնների։ Եւ միգուցե այն ժամանակ այս իշխանությունները կանեն այն, ինչ պետք է անեն։ Բայց միեւնույն է՝ մեր ձայնը կլսվի, որովհետեւ մեր կազմակերպության մեջ` ՀՀՇ-ում ահաբեկչությունը բացառվում է, մենք պառլամենտական կուսակցություն ենք։
(Նյութը պատրաստվել է փետրվարի 17-ին ԱԺ-ում ունեցած ելույթի հիման վրա)։
«Հայք», 19.02.1999