‘Բագրատյանի ասածը ոչ միայն իր, այլև՝ պետության դեմ կարող է օգտագործվել’

1857

Ռաֆայել Թեյմուրազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

ՀՀ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանի հարցազրույցն էի կարդում: Էսպիսի նախադասություն է ասել, որը, կարծում եմ՝ չի կարելի ասել (համենայն դեպս՝ ոչ իր շուրթերով).

«Ղարաբաղում ես հոսանքը 24 ժամ եմ դարձրել վարչապետ նշանակվելուց 3 ամիս հետ, երբ գործարկեցի Սարսանգ-Ստեփանակերտ բարձրավոլտ հոսանքագիծը: Երբ ԼՂ-ում ունեցանք 24-ժամյա հոսանք, կարողացանք աշխատացնել հակաօդային պաշտպանությունը և խփել հակառակորդի բոլոր ինքնաթիռները»:

Սա հակասում է հենց իր պաշտոնավարման տարիներին մեր երկրի վարած արտաքին քաղաքականությանը: Հայաստանը երբևէ չի ընդունել, որ միջամտություն ունի Արցախի կյանքում, որ այնտեղ զորք ունի, որ այնտեղ ռազմական գործողություններ է իրականացնում (Շուշիի, Լաչինի և այլ ազատագրման գործողությունները): Հենց այս քաղաքականության արդյունքն է, որ այսօր Արցախ ու Հայաստան կա: Հենց դրա արդյունքում է, որ Ադրբեջանին, Թուրքիային ու դաշնակից երկրներին այդպես էլ չհաջողվեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի 4 բանաձևերով ծնկի բերել Հայաստանին ու Արցախին, որովհետև մեր դիվանագիտությանը հաջողվել էր այդ բանաձևերում «Հայաստան» բառը փոխարինել «տեղական հայկական ուժեր» ձևակերպմամբ: Բանաձևերը կոչ են անում Հայաստանին՝ օգտագործել իր ազդեցությունը «տեղական հայկական ուժերի վրա»՝ զորքերը հետ քաշելու համար: Հայաստանն էլ ասում էր, դե, եղբայր, օգտագործում եմ, չեն ենթարկվում:

Հենց սա է պատճառը, որ անձամբ Տեր-Պետրոսյանը երբևէ չի խոսում Շուշիի, Լաչինի, Հաթերքի, Աղդամի և այլ ազատագրման գործողությունների մասին: Հայաստանը պաշտոնապես որևէ միջամտություն չի ունեցել: Բագրատյանը նույն բանն այլոց շուրթերով կարող էր ասել, բայց ժամանակի վարչապետն անձամբ նման բան չպիտի ասեր: Սա ոչ միայն իր, այլև՝ պետության դեմ կարող է օգտագործվել:

Նախորդ հոդվածը‘Դավիթ Բաբայան. ԼՂՀ հարցի կարգավորումը լավ կանդրադառնա Հայաստանի ու տարածաշրջանի վրա’
Հաջորդ հոդվածը‘«Շախտյոր» — «Զենիթ». Ուղիղ’