‘Բագրատյան. Եթե Հայաստանը վերջ չտա այս կառավարությանը, ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին’

1398

Եթե Հայաստանը վերջ չտա այս կառավարությանը, ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին: Այսպիսի գրառում է կատարել Ֆեյսբուք սոցցանցի իր էջում է ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ մեկնաբանելով երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի վերջին տվյալները: Ըստ նրա, տնտեսության աճի տեմպը շարունակում է անկում ապրել՝ կազմելով 3,2%։ «Օգոստոսին 3,8 էր, իսկ տարեսկզբին՝ 9%։ Հայաստանը գահավիժում է։ Ի՞նչն է հետաքրքիր. Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարվա համար համաշխարհային տնտեսության աճը գնահատում է 3,3-3,8% միջակայքում։ Ուրեմն՝ նորից մենք ունենալու ենք աշխարհի միջինից ցածր ցուցանիշ», — գրում է Բբագրատյանը՝ հավելելով, որ վերջին 6 տարիներին ՀՀ տնտեսական աճի տեմպը 3 անգամ զիջել է համաշխարհային միջինին։ «Բայց չէ՞ որ մենք մեր զարգացման մակարդակով համաշխարհային միջինից 3 անգամ ցածր ենք։ Ուրեմն, համաձայն տնտեսագիտության հայտնի ու անվիճելի մի կանոնի, ներդրումների սահմանային արտադրողականությունը մեզ մոտ պետք է 3 անգամ ավելի բարձր լինի։ Եթե այս երկրում լիներ մի պատասխանատու նախագահ կամ քաղաքական ուժ, պետք է հրավիրեր կառավարությանն ու ասեր՝  հապա բացատրիր, ինչո՞ւ Հայաստանի տնտեսական աճը 10 եւ ավելի տոկոս չէ (3 անգամ ավելի չէ համաշխարհային միջինից)։ Բայց նման նախագահ ու պատասխանատվություն կրող քաղաքական ուժ մենք չունենք։ Ի վերջո, եթե Հայաստանը վերջ չի տալիս այս կառավարությանը (իշխանությանը), ապա կառավարությունը վերջ կտա Հայաստանին»,- գրել է Բագրատյանը: 

Նախորդ հոդվածը‘Նոր արագաչափեր` հանրապետության ճանապարհներին’
Հաջորդ հոդվածը‘Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ-ում կփոխարինի Մհեր Շահգելդյանը’