‘Բագրատյան. Ի՞նչ իրավունքով է ԿԲ-ն վերցնում արտաքին պարտք’

1293

2013 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը նկատեց. «Բյուջետային ոլորտների աշխատողները և թոշակառուները, որոնց առնչությամբ 2013 թվականին ֆինանսական ավելացում չի նախատեսվում, կապրեն առնվազն 4%-ով ավելի վատ: Մեզ անընդհատ ասում են, որ ընդդիմությունը չի ուզում լավը տեսնել, ի՞նչ անենք, գնանք՝ ասենք, որ 4%-ով վա՞տ եք ապրելու: Այս դեպքում ինչի՞ն է հատկացվել արդյոք 10%-ի աճը, այն դեպքում, երբ նկատելի են միայն ՊՆ-ին ուղղվող միջոցները: Չե՞ք ուզենա ԿԲ-ի շինարարությունը դադարեցնել 2 տարով, որի դրամական միջոցներով կարելի էր թոշակներ ավելացնել»:

Ըստ նրա՝ մի կողմից տեսնում ենք ծայրահեղ աղքատություն, քանի որ 20%-ն ավելի վատ է ապրելու, իսկ մյուս կողմից՝ որոշ հիմնարկների ծախսերում տեսնում ենք ցոփություն:
«Տվյալների համաձայն՝ նախատեսվում է 6% տնտեսական աճ, կարո՞ղ եք բացատրել՝ համախառն ներդրումներ, բյուջետային ներդրումներ և ՀՆԱ հարաբերակցությունն ինչպիսի՞ն պետք է լինի 2012 և 2013-ին, միայն չասեք՝ կգնանք, կնայենք, կասենք, որովհետև երբ այդպես եք ասում, ոչ նայում եք, ոչ ուսումնասիրում, ոչ էլ պատասխանում»,- ասաց Հ. Բագրատյանը՝ հարց ուղղելով ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին:
Անդրադառնալով արտաքին պարտքին, որը 2013-ին կազմելու է 418 մլն 600 հազար դոլար, և որում ներառված է նաև ԿԲ-ի կողմից վերցված պարտքը, Հրանտ Բագրատյանն ասաց.
«Թույլ տվեք հարցնել՝ ի՞նչ իրավունքով է ԿԲ-ն վերցնում արտաքին պարտք, այն դեպքում, երբ դրա իրավասությունն ունի միայն պետությունը, փոխանակ այդ միջոցները ԿԲ-ին տրամադրելու՝ պետությունը կարող է հատկացնել աշխատավարձերի և թոշակների բարձրացմանը»:

Նախորդ հոդվածը‘Ամերիկացի աշակերտուհին փորձել է վաճառել իր փոքր եղբորը ‘
Հաջորդ հոդվածը‘Մարադոնան կարող է նշանակվել «Բլեքբերնի» գլխավոր մարզիչ’