‘Բագրատյան. Ներդրումները Հայաստանում նվազում են այն դեպքում, երբ աշխարհում հայությունը ծաղկում է’

2864

2013 թ. տնտեսական տարին ամփոփում ենք ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հետ:

Պարոն Բագրատյան, տարեսկզբին Սերժ Սարգսյանի կողմից կառավարության առաջ խնդիր էր դրվել ապահովել 7 տոկոս տնտեսական աճ, ավելին` նա ասել էր, որ այն կառավարությունը, որը չապահովի այդ աճը, պետք է հրաժարական տա: Այսօր անգամ պաշտոնական վիճակագրությունն է նշում, որ տնտեսական աճը 7 տոկոս չի կազմում. տնտեսական ակտիվության ցուցանիշը 3.1 տոկոս է, այն էլ, տարեսկզբի համեմատ ՝այդ ցուցանիշը հետեւողականորեն իջնում է: Որպես տնտեսագետ ՝ինչպե՞ս կմեկնաբանեք այս երեւույթը, սա նորմա՞լ երեւույթ է, թե՞ ոչ:

— Իհարկե, նորմալ երեւույթ չէ դա: Այս տարվա բյուջեում տնտեսական աճը նախատեսված էր 6.2 տոկոս, Սերժ Սարգսյանը պահանջեց ապահովել 7 տոկոս: Այդ 6.2 տոկոս աճին հասնելու համար կառավարությունը, ինչպես նշված էր 2013թ. բյուջեի ուղերձում, նախատեսել էր բավականաչափ ներդրումներ: Բայց այդ ներդրումները չեղան: Ավելի ճիշտ՝ նախատեսված ներդրումների մի մասը չեղավ, իսկ ինչ էլ որ եղավ, լափեցին: Այս տեսանկյունից Վերահսկիչ պալատի զեկույցը պարզապես ճիշտ է: Մասնավորապես, Հյուսիս-Հարավ ճանապարահաշինությունը պետք է բերեր լուրջ արդյունքների, ինչը չեղավ: Բացի այդ՝ ահռելի են արտագաղթի տեմպերը։ Այս տարի առնվազն 100 հազար մարդ կլքի երկիրը։ Միայն Գյումրի քաղաքում՝ 23 հազ. մարդ։ Իսկ մարդը տնտեսական ռեսուրս է։ Եվ ուրեմն՝ ռեսուրսների նման արտահոսքի պարագայում տնտեսական աճը բացառվում է։ Եթե վաղը վիճակագրությունը չկեղծեն, ապա 2013 թ. կամփոփվի ոչ թե 3.1 տոկոս, այլ ավելի ցածր ցուցանիշներով: Տարեկան 7 տոկոս աճելու փոխարեն՝ կառավարությունն այդ աճն ապահովեց 6 տարում: 6 տարում` 7 տոկոս. սա աշխարհում վատագույն ցուցանիշներից մեկն է: Սա 10 վատագույն ցուցանիշներից է` 193 երկրների մեջ:

— Եվ այս իրավիճակում ի՞նչ պետք է անի կառավարությունը. արդյո՞ք Ս.Սարգսյանը կգնա փոփոխությունների, ինչպես եւ խոստացել էր:

— Այս հարցը ոչ թե ինձ, այլ Սերժ Սարգսյանին պետք է տաք: Իմ կարծիքով՝ այս կառավարությունը երբեք չպետք է պաշտոնավարելու իրավունք ունենար: Այդ մասին մեկ անգամ չէ, որ ասել եմ: Այս 6 տարվա ընթացքում 380 հազար մարդ է հեռացել երկրից, ես անընդհատ նայում եմ Հայաստանին, նայում այս կառավարությանը եւ մտածում` ի՞նչ իրավունք ունեին սրանք 6 տարի խլել հայ ժողովրդի կյանքից: Սրանց արածների հետեւանքները ուղղելու համար 10 տարի է հարկավոր: Ու եթե այսպես պիտի կառավարեին, ընդհանրապես, կարելի էր վարչապետ ու կառավարություն չնշանակել, իշխանություն ձևավորել: Ամեն ինչ շատ ավելի լավ կլիներ այդ դեպքում:

— Վարչապետը տնտեսական աճ չապահովելը, աճի տեմպերի դանդաղումը բացատրեց արտաքին գործոններով, նաեւ` շինարարության ծավալների անկմամբ:

— Վարչապետը  երկու բան է ասել, երկուսն էլ` սխալ: Այս տարի համաշխարհային տնտեսությունը կաճի շուրջ 3 տոկոս, վերջին տասնհինգ տարվա մեջ 4-րդ լավագույն ցուցանիշն է: Երկրորդ` երբ ասում է` աճը վատ է, քանի որ շինարարությունը պակաս է, կրկին սխալվում է. խնդիրն այստեղ շինարարության ծավալները չեն, այլ ներդրումների անկումը: Իր վարչապետության օրոք ներդրումները 1մլրդ 100մլն դոլարից իջել են 350-400 մլն: Իսկ ներդրումները նվազում են, որովհետեւ, սկսած ամենավերևից ՝ գողանում են, փայ մտնում ու խանգարում ներդրողին:

— Այսինքն` այս տարվա ընթացքում օտարերկրյա ներդրումները մոտ 62 տոկոս անկում են ապրել վարչապետի ու կառավարության պատճառո՞վ:

— Այո, որովհետեւ տոտալ կաշառակերության երկիր է դարձել Հայաստանը:

— Ընդդիմությունն արդյո՞ք չի խտացնում գույները. իշխանությունները միշտ ասում են, թե ընդդիմություն է, պիտի այդպես խոսի:

— Դե իրենք ասում են այն, ինչ իրենց է հարմար: Բայց մի՞թե որեւէ մեկը պատասխան չպետք է տա հարցին, թե ինչու ներդրումները 1.1 մլրդից դարձել են 350-400մլն դոլար: Եվ սա՝ այն դեպքում, երբ հայությունն աշխարհում ծաղկում է, եւ աշխարհում հայության ձեռքին կա 275 մլրդ դոլար փող: Այս իշխանությունները պարզապես խանգարում են պետության զարգացմանը:

— ԱԺ-ն իր աշխատանքներն ավարտեց բավական աղմկահարույց համաձայնագրերի քննարկմամբ ու քվեարկությամբ: Կխնդրեի անդրադառնայիք այդ համաձայնագրերին, մասնավորապես՝ Հայռուսգազարդի 20 տոկոս բաժնեմասը գազի պարտքի դիմաց վաճառելու փաստին:

— Այդ փաստաթղթերում համաձայնագիր չկա, այդտեղ կան միայն մի կողմի իրավունքներ, մյուս կողմի իրավունքներ չեն շարադրել: Արդյունքում, առանց տարրական էթիկետը պահպանելու, հայկական կողմը, Արմեն Մովսիսյանի ստորագրած փաստաթղթում՝ ռուսական կողմին տվել է ամեն ինչ, եւ տպավորություն է, որ հայկական կողմը շահեր չունի: Այս գազային համաձայնագիրը շատ վատ ծառայություն էր Ռուսաստանին: Հայ ժողովրդի աչքում Ռուսաստանը պարզապես ընկավ: Պետք է ասեմ, որ ռուսական էներգետիկ պատասխանատուները նկատի ունենան, որ այս կառավարությունը, Արմեն Մովսիսյանն ամենեւին չեն ներկայացնում Հայաստանի շահերը, նրանք իրենց անձնական շահերն են ներկայացնում: Ինչո՞ւ պետք է համաձայնագրում գրված լինի, որ եթե բյուջետային հիմնարկը չի մուծում փողը, պետք է պարտքը կառավարության վրա մնա: Եթե որեւէ մեկը չի վճարել, անջատեք գազը, ի՞նչ գործ ունի այստեղ կառավարությունը: Բացի այդ, ինչպե՞ս կարող են ստորագրել մի համաձայնագիր, որտեղ հստակ նշված չէ`վերջին հաշվով՝ հիմա սուբսիդա կա՞, հիմա պարտք կուտակվո՞ւմ է, թե՞ ոչ: Լավ, էդ 155 մլն-ը տվեցիք, հետո՞: Իսկ իմ ունեցած տեղեկություններով, ամեն տարի եւս 100 մլն պարտք է կուտակվելու, ամեն տարի գազի սակագինը վերանայվելու է: Ինչպե՞ս կարող է համաձայնագրում գրված լինել, որ ամեն տարի գազի գինը վերանայվելու է, բայց Ռուսաստանի բարձրագույն ղեկավարությունը հայտարարում է, թե առնվազն հինգ տարի գազի գնի փոփոխություն չի լինի: Հայկական կողմը` հանձինս վարչապետի ու էներգետիկայի նախարարի, այդ ամենը գրել են՝ Ռուսաստանին պարզապես քծնելու համար: Պրոարեւմտյան կողմնորոշումը փոխարինել են պրոռուսական կողմնորոշման: Ե՛ւ Արմեն Մովսիսյանի, ե՛ւ վարչապետի պահով՝ անսահման քծնանքը հասկանալի է. այդ մարդկանց գործելակերպն է սա, նրանք ուրիշ արժեքներով չեն կարող կառավարել: Բայց ես չեմ կարող հասկանալ, թե ինչու է ռուսական կողմն ինքը հանդուրժում դա:

— Միգուցե` ավելին ստանալու համար:

— Ի՞նչ իմաստ ունի, եթե, առանց այն էլ` ինչ ուզեցել, ստացել է: Ավելին, ես ձեզ ասեմ ռուսական կողմի որոշ մասնագետների կարծիքը` եղբայր, մեզ հետ չեն էլ եկել, բանակցել: Այս համաձայնագիրը մենք չենք բանակցել:

— Այսպես գնալով՝ ո՞ւր ենք հասնելու:

— Ցանկացած միջոցով կառավարության փոփոխությունն այսօր ողջունելի է:  Կառավարությունը թաղված է կոռուպցիայի մեջ, հիմնականում մտածում է միայն իր անձնական հարցերի մասին: Ուստի, պետք է որեւէ լուծում տալ: Ես հակված եմ մտածել, որ կա ժողովուրդ, թող մտածի այդ մասին: Ի վերջո, որքա՞ն կարող ենք մենք մեր առողջության, կներեք` նաեւ նյութական բարեկեցության հաշվին կանգնել, 10-15 տարի շարունակ: Բայց երբ ընտրություններ են լինում, 5-10 հազար դրամներն աշխատում են: Եթե աշխատում են, ուրեմն` բոլորին ձեռք է տալիս այս վիճակը: Մենք ընտրություններից առաջ ամեն անգամ զգուշացնում ենք, չէ՞` այդ կաշառքի դիմաց տասնապատիկ ետ են վերցնելու, քթներից են բերելու: Իհարկե, ունենք ազնիվ քաղաքացիներ, բայց` ադմինիստրատիվ ռեսուրսին եթե գումարում ես խախտումներին, ընտրակաշառքին պատրաստների թիվը, ապա իշխանությունների հաղթանակն ապահովված է: Ուրեմն` ժողովուրդը թող մտածի: Չնայած` ժողովուրդն էլ այդ ամենից հետո իրավիճակի մասին մտածում է` երկրից հեռանալով, արտագաղթելով:

Արման Գալոյան

Նախորդ հոդվածը‘Առաքել Սեմիրջյան. Խաչի ժանգոտած մեխը’
Հաջորդ հոդվածը‘Ֆուտբոլային տարի -2013 . ամփոփում. ‘