‘Բակո Սահակյանը կոչ է արել ՌԴ հայությանը ոգեւորությամբ մասնակցել «Հեռուստամարաթոն 2012»-ին եւ սատար կանգնել Արցախին’

864

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 8-ին Մոսկվա քաղաքում մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գալա-երեկոյին եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանը, Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, ԼՂՀ Նախագահի խորհրդական Արմեն Իսագուլովը, ՌԴ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, պաշտոնատար այլ անձինք, հայազգի բարերարներ, գործարարներ եւ հասարակական-քաղաքական գործիչներ: 

ԼՂՀ նախագահը նշել է. «Ուրախ եմ, որ կրկին հնարավորություն ունենք բոլորս միասին քննարկել Արցախի հետագա զարգացմանը  վերաբերող կարեւորագույն հարցերը: 

Ռուսաստանի հայ համայնքը հանդիսանում է մեր ժողովրդի ամենահայրենասեր, կայացած եւ ակտիվ հատվածներից մեկը: Արցախի անկախ պետականության ձեւավորումից ի վեր ձեզնից յուրաքանչյուրն անմիջականորեն մասնակցել է հայրենի երկրի շենացման ու զարգացման գործընթացին: Դժվար է պատկերացնել որեւէ ոլորտ, որտեղ չի զգացվում ձեր ներկայությունը: Արդյունքում, նաեւ այդ գործուն մասնակցության շնորհիվ է մեզ հաջողվել իրականացնել ռազմավարական բազմաթիվ ծրագրեր:

Բավական է նշել, որ շուտով կավարտվի Ստեփանակերտում ժամանակակից պայմաններին համապատասխան, ողջ տարածաշրջանում տեխնիկապես ամենահագեցած հիվանդանոցներից մեկի կառուցումը: Արցախի մայրաքաղաքում ավարտվել է թիվ 3 դպրոցի կապիտալ վերանորոգումը, ընթացքի մեջ է թիվ 1 եւ թիվ 6 դպրոցների նոր մասնաշենքերի, ինչպես նաեւ նոր ծննդատան շինարարությունը: Վերջերս Շուշիում կապիտալ վերանորոգվել են Խաչատուր Աբովյանի անվան դպրոցը, պատմական «Մարիամ Ղուկասյան» օրիորդաց դպրոցի շենքը, որտեղ տեղակայվել են ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը եւ մի շարք այլ հաստատություններ: Արցախի վետերաններին եւ հաշմանդամներին պարբերաբար տրամադրվում է տարբեր տեսակի օգնություն, այդ թվում` ձեռքի կառավարման մեքենաներ: Ստեփանակերտում կապիտալ վերանորոգվել է ծերանոցի շենքը:

Հանրապետության տարբեր բնակավայրերում կառուցվել ու կառուցվում են բազմաթիվ ջրատարներ, ճանապարհներ եւ կենսական նշանակություն ունեցող այլ օբյեկտներ: Ուզում եմ, մասնավորապես, նշել Վանք-Քոլատակ ճանապարհը, որը տանում է մինչեւ Արցախի ամենահին վանքերից մեկը` Հակոբավանք: Այդ ճանապարհն ունի կարեւոր տնտեսական նշանակություն եւ խթան կհանդիսանա զբոսաշրջության զարգացման համար:

Մշտական աջակցություն է ցուցաբերվում նաեւ ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը, մասնավորապես, արցախյան Մեծ հարսանիքին մասնակցած զույգերի երեխաներին նպաստների տրամադրման ծրագրի շրջանակներում:

Այս ամենն իրականացվել է Ռուսաստանի մեր քույրերի ու եղբայրների անմիջական աջակցությամբ: Նրանցից շատերն այսօր այս դահլիճում են: Մենք բարձր ենք գնահատում նման սրտացավ ու անշահախնդիր վերաբերմունքը՝ այն համարելով մեր ժողովրդի միասնության կարեւոր դրսեւորումներից մեկը:

Թանկագին բարեկամներ,

Այսօր մենք հավաքվել ենք մեկ այլ կարեւոր ծրագիր կյանքի կոչելու նպատակով, որի հիմքում ընկած է գյուղական բնակավայրերի համաչափ զարգացումը երկարաժամկետ հեռանկարով: Զարգացած գյուղը մեր ժողովրդին հողի հետ կապող ամենակարեւոր միջոցն է եւ միանգամից լուծում է սոցիալ-տնտեսական ու քաղաքական բազմաթիվ խնդիրներ, մասնավորապես, գյուղատնտեսության, տեղական արտադրության, վերամշակող արդյունաբերության, ժողովրդագրության եւ այլ բնագավառներում: Կարծում եմ՝ ակնհայտ է, որ ամուր եւ շենացող  գյուղը Արցախի հզորության առանցքային բաղադրամասերից մեկն է:

Այս ծրագրի շրջանակներում հատուկ տեղ է հատկացվում գյուղական համայնքային կենտրոնների կառուցմանը: Յուրաքանչյուր կենտրոն իր մեջ կընդգրկի գյուղապետարան, բուժկետ, ինտերնետ-ակումբ եւ հանդիսությունների սրահ: Այդ կենտրոնների կառուցումն անկասկած կնպաստի բնակչության կենսապայմանների բարելավմանը, գյուղական բնակավայրերում կյանքի աշխուժացմանը, ինչն իր դրական ազդեցությունը կունենա արցախյան գյուղի շարունակական զարգացման վրա:

Սիրելի հայրենակիցներ,

2012 թվականը հոբելյանական է մեր ժողովրդի համար: Ազգովի տոնեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 20-ամյակը: Այն հոբելյանական է նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի համար, որն իր 20-րդ տարեդարձն է բոլորում: «Հայաստան» հիմնադրամն այն կառույցն է, որն աշխարհասփյուռ հայությանը համախմբում է տարբեր ծրագրերի շուրջ, որոնց նպատակը մեկն է՝ զարգացնել ու զորացնել պատմական հայրենիքը, էլ ավելի ամրապնդել ու խորացնել Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնությունը:

Ուզում եմ վստահ լինել, որ տոնական այդ մթնոլորտը լրացուցիչ խթան կհանդիսանա համազգային այս միջոցառումը հաջողությամբ իրականացնելու համար:

Ես ավելի քան վստահ եմ, որ լինելով միասնական, կազմակերպված, ունենալով համապատասխան կամք ու վճռականություն, մենք ի վիճակի ենք լուծել մեր առջեւ ծառացած ցանկացած խնդիր:

Բոլորիդ կոչ եմ անում նույն եռանդով ու ոգեւորությամբ մասնակցել «Հեռուստամարաթոն 2012»-ին եւ ինչպես միշտ սատար կանգնել Արցախի շենացման հայրենանվեր գործին»: 

Նախորդ հոդվածը‘Ավանդապաշտը կրակել է միասեռականի վրա’
Հաջորդ հոդվածը‘Թալանել են Մասկերանոյի տունը’