‘Բակո Սահակյանը մասնակցել է քաղաքական կուսակցությունների կլոր սեղանին ‘

1199

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած  «Քաղաքական կուսակցությունները ժամանակակից ժողովրդավարական համակարգերում» կլոր սեղանի բացմանը և հանդես եկել ողջույնի խոսքով: Ինչպես iLur.am-ին տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից, միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ և ՀՀ խորհրդարաններում ներկայացված քաղաքական կուսակցությունները: Կլոր սեղանի ժամանակ Բակո Սահակյանը հանդես է եկել նաև ելույթով, որտեղ, մասնավորապես, նշել է, թե քաղաքական կուսակցություններն այն կարևորագույն ինստիտուտներից են, առանց որոնց անհնարին է պատկերացնել ժամանակակից ժողովրդավարական հասարակությունը: «Չափազանց կարևոր է նաև կուսակցությունների դերը, նրանց սերտ համագործակցությունը համահայկական խնդիրների լուծման, հատկապես՝ Արցախյան հիմնախնդրի և Հայոց ցեղասպանության ճանաչման գործում: Դրանք այն հարցերն են, որոնք պահանջում են միասնական մոտեցում ու համախմբված աշխատանք»,- ասել է Սահակյանը: Նա նաև նշել է, որ ԼՂՀ-ում ստեղծվել է բավականին նպաստավոր մթնոլորտ թե՛ կուսակցությունների միջև կապերի խորացման, թե՛ իշխանությունների հետ նրանց փոխգործակցության համար: «Անհրաժեշտ է, օրինակ, ընդլայնել միջկուսակցական կապերը Հայաստանի և Սփյուռքի քաղաքական ուժերի հետ, ինչը կհանդիսանա Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման կարևոր գործոններից մեկը: Մենք շահագրգռված ենք նաև այլ պետությունների քաղաքական կուսակցությունների հետ կապերի հաստատման եւ զարգացման մեջ»,- ասել է ԼՂՀ նախագահը:

Նախորդ հոդվածը‘Կրկին ռուսաստանցի զբոսաշրջիկներ են զոհվել, այս անգամ՝ Չինաստանում’
Հաջորդ հոդվածը‘Մահմեդական աշխարհում անկարգությունների ալիքը նոր թափ է ստանում’