‘Բակո Սահակյանն ընդունել է Անջեյ Կասպրշիկին’

1068

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին:

Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանբանակցային գործընթացում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահ Սահակյանը հատուկ անդրադարձել է վերջերս հայ սպային նենգաբար կացնահարած հանցագործին Ադրբեջանին հանձնման ու ազատ արձակման փաստին: Ըստ նախագահի՝ նման ոճրագործությունը մեծ հարված է բանակցային գործընթացին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը:

Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 31-ին Հունգարիայի իշխանությունները Ադրբեջանին հանձնեցին 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար ցմահ ազատազրկման դատապարտված Ռամիլ Սաֆարովին: Նույն օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներում շնորհեց Սաֆարովին, փոխհատուցեց ազատազրկության տարիների աշխատավարձը եւ մայորի կոչում շնորհեց նրան: «Սաֆարովի պատմությունը» լայն միջազգային արձագանք ստացավ: ԱՄՆ, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի իշխանություններն իրենց վրդովմունքն արտահայտեցին Ադրբեջանի իշխանությունների գործողությունների վերաբերյալ: 

Նախորդ հոդվածը‘Նալբանդյանն ու Լեֆորը քննարկել են Սաֆարովի շուրջ ստեղծված իրավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքացին փորձում է ցած նետվել տանիքից’