‘Բակո Սահակյան. ԼՂՀ արտաքին քաղաքականության հիմքում այսուհետ էլ կլինի բազմաուղղվածությունը’

858

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը այսօր այցելել է արտաքին գործերի նախարարություն եւ մասնակցել 2013թ. գործունեության արդյունքների ամփոփմանը եւ 2014թ. աշխատանքներին նվիրված խորհրդակցությանը: Հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը: Զեկույցներով հանդես են եկել արտգործնախարար Կարեն Միրզոյանը, գերատեսչության տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներ: Սահակյանն իր խոսքում նշել է, որ Արցախի արտաքին քաղաքականության հիմքում այսուհետ էլ կլինի բազմաուղղվածությունը՝ ազդեցիկ պետությունների եւ ուժային կենտրոնների հետ փոխլրացման վրա հիմնված հավասարակշռված քաղաքականության վարումը:

Բակո Սահակյանի խոսքով` Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը հանդիսանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ամենամեծ խոչընդոտը՝ սպառնալով տարածաշրջանում խաղաղության  ու կայունության պահպանմանը:

Խոսելով խաղաղ կարգավորման գործընթացի մասին՝ Բակո Սահակյանն ընդգծել է, որ ԼՂՀ-ն հետեւողական է լինելու բանակցային լիարժեք ձեւաչափի վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքներում, այդ թվում՝ շահագրգիռ ատյաններում բարձրաձայնելով, որ առանց պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության բանակցությունների բոլոր փուլերին անհնարին կլինի հասնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման:

Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել արտաքին գործերի նախարարության ներսում աշխատանքների արդյունավետ կազմակերպման, առկա թերությունների վերացման ուղղությամբ՝ հավելելով, որ պետությունն էլ իր հերթին կանի հնարավորը գերատեսչության առջեւ ծառացած խնդիրների, անձնակազմի աշխատանքային ու սոցիալական պայմանների բարելավման հարցերի լուծմանն աջակցելու համար:

 

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը նոր հետաքննություն է սկսում’
Հաջորդ հոդվածը‘Փետրվարի 20-ին Կիեւում կկայանա «Վալենսիա»-«Դինամո» ֆուտբոլային խաղը’