‘Բակո Սահակյան. Մեզ հաջողվել է խաղաղություն ու կայունություն պահպանել մեր երկրում ու տարածաշրջանում:’

1046

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել, որը ներկայացնում ենք ստորև.

«Թանկագի՛ն հայրենակիցներ,

 Ավարտին է մոտենում 2014 թվականը: Այն մեր ժողովրդի համար հարուստ էր ինչպես հաղթանակներով ու ձեռքբերումներով, այնպես էլ  բարդություններով ու դժվարություններով: Ամենակարևորը` մեզ հաջողվել է խաղաղություն ու կայունություն պահպանել մեր երկրում ու տարածաշրջանում:

 Անցնող տարվա ընթացքում հակառակորդն ակտիվ փորձեր է ձեռնարկել սահմանում իրավիճակն ապակայունացնելու ուղղությամբ` դիմելով ամենաստոր քայլերի ու միջոցների: Սակայն մեր հերոսական բանակը կասեցրել է թշնամու բոլոր ոտնձգությունները և, արժանի հակահարված հասցնելով նրան, հետ շպրտել իր ելման դիրքերը` հերթական անգամ ցույց տալով մեր ուժը, վճռականությունն ու պատրաստականությունը: Դժբախտաբար, մենք ունեցանք ծանր ու անդառնալի կորուստներ: Հայրենիքի ազատության ու անկախության համար իրենց կյանքը զոհաբերեցին մեր քաջորդիները: Հավե՜րժ փառք ու պատիվ նրանց:

Աշխարհում տիրող բարդ իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել նաև մեր երկրի վրա, հատկապես` տնտեսական դաշտում: Սակայն, պետք է նշեմ, որ այս բոլոր դժվարություններով հանդերձ` մեզ հաջողվել է ապահովել սոցիալ-տնտեսական կայուն զարգացում:

Մեր ժողովրդի քրտնաջան աշխատանքի, իմաստնության ու լավատեսության, հայրենիքի հանդեպ ունեցած անսահման սիրո ու նվիրվածության շնորհիվ Արցախը շարունակում է հաստատուն քայլերով առաջ ընթանալ իր ընտրած ճանապարհով` մշտապես զգալով Հայաստանի և Սփյուռքի գործուն աջակցությունը: Հայաստան-Արցախ-Սփյուռք անսասան եռամիասնությունը եղել է, կա և կմնա մեր պետականաշինության առանցքային հիմքերից մեկը:

2014 թվականին մեր հանրապետությունում շարունակվել են աշխատանքները ռազմավարական ծրագրերի իրականացման, պաշտպանության բանակի մարտունակության բարձրացման  ուղղությամբ, նոր որակ է ստացել Արցախի միջազգային ճանաչման և տարբեր երկրների հետ հարաբերությունների հաստատման գործընթացը, ստեղծվել են մի շարք կարևոր ենթակառուցվածքներ, շահագործման հանձնվել` բազմաթիվ օբյեկտներ:

Գալիք տարում նույնպես մեզ սպասվում են լուրջ աշխատանքներ ու անելիքներ: 2015-ին ողջ հայությունը կհիշատակի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, որը հայ ժողովրդի և համայն մարդկության պատմության ամենաողբերգական ու սարսափելի էջերից է: Կլրանա Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակը: Երկրորդ աշխարհամարտի տարբեր ճակատներում հերոսաբար մարտնչել են հարյուր հազարավոր հայեր, ովքեր իրենց խիզախությամբ ու սխրանքով կանխել են նոր ցեղասպանության իրագործումը:

Պատմական այս դասերը, ինչպես նաև մեր նորագույն պատմության փառավոր էջերը մեկ անգամ ևս ապացուցեցին մի պարզ ճշմարտություն. խաղաղության, կայունության, անվտանգ ու բնականոն զարգացման ամենահուսալի գրավականը հզոր, անկախ պետականությունն է և նրա մարտունակ բանակը: Մենք շարունակելու ենք անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել մեր պաշտպանունակության ամրապնդման, քաղաքացիների կենսապայմանների բարելավման և բարեկեցության մակարդակի բարձրացման ուղղությամբ:

 Սիրելի՛ բարեկամներ,

Այս տոնական օրը նախևառաջ ուզում եմ շնորհավորել մեր զոհված ազատամարտիկների ընտանիքներին: Ուզում եմ շնորհավորել հայրենիքի սահմաններն ու հարազատ ժողովրդի անդորրը հսկող մեր զինվորներին, պաշտպանության բանակի ողջ անձնակազմին, մաղթել նրանց բարի և անփորձանք ծառայություն:

Շնորհավորում եմ ձեզ` սիրելի՛ արցախցիներ, մեր ողջ ժողովրդին, Հայաստանի և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին, Արցախի բոլոր բարեկամներին՝ այս պայծառ ու հրաշալի տոների կապակցությամբ: Մաղթում եմ խաղաղություն, քաջառողջություն, բարօրություն և մեծագույն հաջողություններ: Թող ձեր օջախներում միշտ լինի ուրախություն և համերաշխություն, սեր ու երջանկություն»:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Նախորդ հոդվածը‘Աշխարհը դիմավորել է Նոր տարին (ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘«Չելսին» պարտվեց «Տոտենհեմին». Պրեմիեր լիգաում աժմ երկիշխանություն է (տեսանյութ)’